Հայ կանայք եւ աղջիկները սկսել են ավելի քիչ վախենալ բժիշկներից և ավելի հաճախ այցելել պրոֆիլակտիկ բուժզննման, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ավելի վաղ ախտորոշել  չարորակ հիվանդությունները եւ առավել արդյունավետ բուժում իրականացնել դրանց դեմ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

«Մարդիկ սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց առողջությանը և չվախենալ բժիշկներից։ Սա շատ լավ տենդենց է, եւ այն չի կարող մեզ չուրախացնել», - նշեց նա։

Նրա խոսքով՝ 2014թ-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կատարվել է կրծքագեղձի 21 873 հետազոտություն, որից 802-ի դեպքում քաղցկեղ է հայտնաբերվել։ Եւս 299 կին նախաքաղցկեղային վիճակում է եղել, եւ վաղ հայտնաբերման շնորհիվ նրանց ապաքինման և բուժման հավանականությունը զգալիորեն աճել է։

Խաչանուշ Հակոբյանը նշեց նաևեւ, որ նախկինում բուժզննում անցնող յուրաքանչյուր 15-րդ կինն էր ախտորոշվում քաղցկեղով, այսօր՝ յուրաքանչյուր 20-րդը։  Բանախոսի խոսքով՝ պատճառը նախեւառաջ այն է, որ կանայք սկսել են ավելի շատ մտահոգվել իրենց առողջությամբ եւ ավելի հաճախ այցելել պրոֆիլակտիկ բուժզննման. նախկինում հայուհիները խուսափում էին բժիշկներից, քանի որ վախենում էին ախտորոշումը լսելուց, այսօր, սակայն, նրանք հասկանում են, որ որքան շուտ հայտնաբերվի խնդիրը, այնքան ավելի մեծ կլինի բուժելու եւ հիվանդությունից ազատվելու հավանականությունը։

Միակ վատ միտումը, ըստ Հակոբյանի, այն է, որ մեր երկրում ուռուցքաբանական հիվանդությունները զգալիորեն երիտասարդացել են. երբեմն կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշվում են նաեւ երիտասարդ աղջիկները, իսկ բոլորովին վերջերս 16-ամյա մի աղջիկ կենտրոնում ախտորոշվել է վահանագեղձի քաղցկեղով։  Ընդհանուր առմամբ՝  Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի 17-ամյա գործունեության ընթացքում երեխաների շրջանում քաղցկեղի 60 դեպք է ախտորոշվել։