Կրծքագեղձի քաղցկեղն ընդունված է համարել «կանացի հիվանդություն», սակայն տղամարդիկ նույնպես կարող են ունենալ կրծքագեղձի քաղցկեղ. 2014թ-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում 193 տղամարդ կրծքագեղձի քաղցկեղի հետազոտություն է անցել, 4-ի դեպքում քաղցկեղ է հայտնաբերվել։Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։ Եվս 4 տղամարդ կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշվել է 2015թ-ի առաջին երկու ամսվա ընթացքում։
Ի՞նչ չգիտեք տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղի մասին.
Կանացի սեռական հորմոնների ցածր մակարդակի պատճառով տղամարդկանց կրծքագեղձերը չեն զարգանում։ Սակայն կանցերոգենների (քաղցկեղածիններ կամ կանցերոգեններ, նյութեր կամ ֆիզիկական գործոններ, որոնք ընդունակ են առաջացնելու չարորակ գոյացություններ եւ/կամ նպաստել դրանց զարգացմանը) եւ մի շարք այլ գործոնների ազդեցությամբ տղամարդկանց, ինչպես որ կանանց կրծքագեղձում կարող են առաջանալ չարորակ գոյացություններ։ Լուրջ ռիսկային գործոն է համարվում հատկապես գինեկոմաստիան՝ հորմոնալ խանգարումների պատճառով տղամարդկանց կրծքագեղձի մեծացումը։ Ընդ որում՝ երիտասարդ տղամարդկանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղը խիստ հազվադեպ է հանդիպում. հիվանդության առաջացման միջին տարիքը 64 տարեկանն է։
Տղամարդկանց եւ կանանց կրծքագեղձի քաղցկեղի հիմնական ախտանիշը նույնն է՝ կրծքի շրջանում, սովորաբար՝ պտուկի տակ, խիտ գոյացություն, որոշ դեպքերում՝ արյունային արտազատուկ, խիստ բարձիթողի դեպքերում էլ՝ կրծքի շրջանում մաշկի խոցոտում։
Տղամարդկանց կրծքագեղձի քաղցկեղը բուժվում է այնպես, ինչպես կանանց կրծքագեղձի քաղցկեղը։ Այդուհանդերձ, տղամարդկանց դեպքում բուժման կանխատեսումներն ավելի քիչ հուսադրող են, քանի որ նրանք, հաշվի առնելով հիվանդության հազվադեպությունն արական սեռի ներկայացուցիչների շրջանում, սովորաբար անուշադրության են մատնում կրծքագեղձի փոփոխությունները եւ շատ ուշ են դիմում բժշկի։






