Ամերիկացի գիտնականները կարծես թե պարզել են 2014թ-ի օգոստոսից Միացյալ Նահանգներում երեխաներին պատուհասող պարալիչի պատճառը:  Բժշկական The Lancet պարբերականում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ բժիշկները կապ են գտել այդ պարալիչի՝ սուր թորշոմած կաթվածահարության եւ հազվադեպ հանդիպող վիրուսի՝ D68 էնտերովիրուսի միջեւ: Նշենք, որ անցած տարվա օգոստոսից ի վեր ԱՄՆ-ի 34 նահանգում 107 երեխա ախտորոշվել է սուր թորշոմած կաթվածահարությամբ, որը մկանային թուլության ամենածանր վիճակն է եւ արտահայտվում է վերջույթների, դիմային մկանների թուլությամբ, կլանման՝ կուլ տալու համակարգի դժվարություններով: Մասնագետները կարծում են, որ պատճառը դեռեւս քիչ ուսումնասիրված D68 էնտերովիրուսն է, որը հայտնաբերվել է կաթվածահարված երեխաների օրգանիզմում:

«10-ից 8 երեխայի քսուքում էնտերովիրուսներ են հայտնաբերվել, որից 5-ը եղել է EV-D68»,-նշել են մասնագետները: Էնտերովիրուսը հայտնաբերվել է 1962 թ-ին, ԱՄՆ-ում: Վիրուսի հիմնական ախտանիշներ են՝ մրսածություն, հազ, բարձր ջերմություն, մկանային թուլություն: Մասնագետները չեն բացառում, որ էնտերովիրուսը կարող է նաեւ նյարդաբանական խանգարումներ առաջացնել: Ներկայում շարունակվում են ուսումնասիրությունները՝ սուր թորշոմած կաթվածահարության եւ D68 էնտերովիրուսի միջեւ կապը հասատատելու համար: