Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ եւ բուժմամբ զբաղվող լավ մասնագետներ կան, ինչպես նաեւ՝ առկա են անհրաժեշտ բոլոր պայմաններն այդ հիվանդությունն արդյունավետորեն բուժելու համար: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս հայտնի բժիշկ, ուռուցքաբան Ն. Ն. Բլոխինի անվան  ՌԴ ուռուցքաբանական գիտական կենտրոնի Կրծքագեղձի ուռուցքների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգոր Վորոտնիկովը:

Պրոֆեսորը Հայաստան էր ժամանել երկօրյա այցով՝ «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի հրավերով: Երկու օրվա ընթացքում Վորոտնիկովը կատարել է կրծքագեղձի քաղցկեղի հեռացման մեկ վիրահատություն, խորհրդատվություն է տրամադրել ուռուցքաբանական հիվանդություն ունեցողներին, ինչպես նաեւ շփվել է հայ բժիշկների հետ. ինֆորմացիա փոխանակել՝ ուռուցքաբանական հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների մասին, խորհուրդներ տվել, թե ինչպես է պետք բժշկել ծանր հիվանդներին:

Ուռուցքաբանն ընդգծեց, որ «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնը շարունակում է զարմացնել իրեն. պրոֆեսորը 4-րդ անգամ է այցելում կենտրոն եւ յուրաքանչյուր անգամ զգալի առաջընթաց նկատում: Նա նշեց, որ կենտրոնի բժիշկների արհեստավարժությունը տարեցտարի աճում է, իսկ կենտրոնը համալրվել է նոր ժամանակակից սարքավորումով, որը թույլ կտա արդյունավետ ախտորոշում եւ բուժում իրականացնել: Այս ամենի շնորհիվ, ըստ Վորոտնիկովի, կենտրոնը որեւէ բանով չի զիջում ռուսական առաջատար բուժհիմնարկներին, չնայած որ Հայաստանի բուժհիմնարկները,  ինչպեսեւ աշխարհի մյուս երկրների, ունեն իրենց առանձնահատկությունները, լավ եւ վատ կողմերը:

«Ես նկատեցի, որ հսկայական շինարարություն է ընթանում կենտրոնի տարածքում եւ հասկանում եմ, որ շուտով այս կլինիկան դառնալու է համապետական մասշտաբի կենտրոն», -ասաց Վորոտնիկովը:

Նա նաեւ շեշտեց, որ հետագայում էլ այցելելու է Հայաստան՝ հայ բժիշկների հետ փորձ փոխանակելու եւ անհրաժեշտության դեպքում ծանր հիվանդներին բուժելու համար: