ԱՄՆ-ում շաքարային դիաբետ ունեցողների համար նոր դեղամիջոց է վաճառքի հանվել: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խոսքը ինսուլին հորմոնին փոխարինող նոր դեղամիջոցի՝ ներշնչակային ինսուլինի մասին է, որը նորույթ է ամերիկյան շուկայում: Affreza կոչվող պրեպարատը ամերիկյան հայտնի դեղագործական ընկերությունների՝ Sanofi եւ Mannkind-ի համատեղ արտադրանքն է, որն ինսուլինը մարդու օրգանիզմ ներմուծելու է՝ շվիկից ոչ մեծ չափի ներշնչակի (ինհալատոր)-ի օգնությամբ: Դեղամիջոցը նախատեսված է 1-ին եւ 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մեծահասակների համար:
Մասնագետների խոսքով՝ Affreza-ն ավելի հեշտ կիրառելի է եւ ավելի արագ ներգործություն է ունենալու օրգանիզմի վրա, քան մաշկի տակ ներարկվող ինսուլինը: Այդուհանդերձ՝ որոշ մասնագետներ մտավախություն են հայտնել, որ այս ներշնչակը հնարավոր է՝ վնասի օգտագործողի շնչառական համակարգ: Հաղորդվում է, որ ասթմա հիվանդություն ունեցողներին այս դեղամիջոցը հակացուցված է:
Affreza-ն ԱՄՆ-ի Սննդամթերքների եւ դեղամիջոցների վարչության կողմից հաստատվել է 2014թ-ի հուլիսին: Դրա օրական դեղաքանակը՝ 12 միավոր, կարժենա 7,54 դոլար, որը 4,40 դոլարով ավելի թանկ է, քան Sanofi ընկերության ինսուլինի ներարկումային տարաբերակը՝ Apidra-ն:






