Յուրաքանչյուր տարի աշխարհում գրանցվում է անցանկալի հղիության մոտ 85 մլն դեպք, ինչը կազմում է հղիությունների ընդհանուր թվի 40 տոկոսը: Այդ հղիությունների կեսն ավարտվում է արհեստական ընդհատմամբ, 12 տոկոսը՝ վիժումով, իսկ 38 տոկոսը՝ չնախատեսված երեխայի ծնունդով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր ուսումնասիության հեղինակները վստահեցնում են, որ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների՝ պահպանակներ, հորմոնալ դեղահաբեր, ներարգանդային պարույրներ (սպիրալ) և այլն, ճիշտ օգտագործումը կարող է օգնել խուսափելու ավելի, քան 16 մլն անցանկալի հղիությունից:
Զեկույցը կազմողներն ուսումնասիրել են հանկարծակի հղիացած 12 874 կնոջ տվյալները և դրանք համեմատել այն կանանց տվյալների հետ(111 301), որոնք չէին ցանկացել հղիանալ և չեն հղիացել: Հետազոտությունն անցկացվել է 49 երկրի (աղքատ կամ միջին եկամուտ ունեցող երկրներ) կանանց շրջանում: Հեղինկաները հատկապես ուշադրություն են դարձրել փաստին` արդյո?ք այդ կանայք օգտվել են անցանկալի հղիությունից պաշտպանվելու ժամանակակից միջոցներից, թե նախընտրել են ավանդական մեթոդները(սեռական ակտի ընդհատում կամ օրացուցային մեթոդ) և եթե չեն օգտվել, ապա՝ ինչու՞:
Պարզվել է, որ անցանկալի հղիությունից պաշտպանվելու ավանդական մեթոդներից օգտվելու ժամանակ հղիանալու վտանգը մեծացել է 2,7 անգամ, իսկ ժամանակակից պաշտպանական միջոցներից ընդհանրապես հրաժարվելու դեպքում՝ 14,5 անգամ: Ստացվում է, որ տարեկան հնարավոր է կանխել 16,7 մլն անցանկալի հղիություն՝ օգտագործելով ժամանակակից պաշտպանական միջոցները: Բացի այդ, ուսումնասիրությունն անցկացնողները պարզել էին, որ ժամանակակից միջոցներից հատկապես հրաժարվել են առավել աղքատ և քիչ կրթված կանայք: Այս փաստը նրանց հիմք է տվել եզրակացնելու, որ կրթությունն ու հղիությունից պաշտպանվելու ժամանակակից միջոցների մասին ինֆորմացիայի մատչելիությունը կարող են զգալիորեն կրճատել անցանկալի հղիությունների թիվը:






