Քաջարանում հեպատիտ C-ով վարակվածների թիվը 15 է հասել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Սա դեռ չի նշանակում, որ բոլոր 15 վարակակիրները բուժման կարիք են ունենալու. հիշեցնենք, որ, ինչպես մեզ ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանն էր ասել, փորձը ցույց է տալիս, որ այն մարդկանց մոտ, ում մոտ հեպատիտ C-ի սուր վիճակը շատ բուռն է ընթանում, վիրուսը հետագայում իքնաբերաբար վերանում է օրգանիզմից եւ քրոնիկ չի դառնում: Այդպիսի մարդիկ հիվանդության սուր շրջանից հետո հետագա բուժման կարիք ընդհանրապես չեն ունենում:

Հիշեցնենք, որ 2014 թվականի ընթացքում հեպատիտ C-ի վարակի հավանական աղբյուր հանդիսացող Քաջարանի բժշկական կենտրոնում 191 քաղաքացի է վիրահատվել; նրանց արյունը, ինչպես նաեւ արյան կամ վիրաբուժական գործիքների հետ գործ ունեցող բուժաշխատողների արյունը օրեր առաջ բերվել է Երեւան: Այստեղ բարդ ՊՑՌ հետազոտություն է անցկացվելու, որի ընթացքում հայտնաբերվելու է վիրուսի առկայությունը:

Սակայն որոշ դեպքերում վիրուսի առկայությունը դեռ չի նշանակում, որ պացիենտը հիվանդ է: Վարակվածների համար այլ հետազոտություններ էլ են կատարվելու, եւ տվյալները նրանց առողջական վիճակի հետ են համադրվելու: Միայն այդ ժամանակ պարզ կլինի, թե ով ունի բուժման կարիք, իսկ ով՝ ոչ:

Հիշեցնենք նաեւ, որ վարակված քաղաքացիների բուժման ծախսերը հոգալու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: