Բանակը եւ ռազմական ակադեմիան հասարակության մի մասն են, եւ այն, ինչ այնտեղ կատարվում է, բնութագրում է մեր հասարակության վիճակը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը՝ մեկնաբանելով օրեր առաջ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգական դեպքը:

Նրա խոսքով՝ բանակում ծառայում են նույն այն մարդիկ, որոնք մեզ հետ եւ մեր կողքին են ապրում. նրանց մեջ կարող են լինել եւ՛ խուլիգաններ, եւ՛ վատ վարքագիծ ունեցողներ եւ այլք, ուստի չպետք է սպասել, որ բանակում կամ ուսհաստատությունում այդ մարդիկ փոխվելու են եւ իրենց այլ կերպ են դրսևորելու: Բացի այդ, բանակայինների կրթությամբ զբաղվում է ոչ թե լավ կրթություն ստացած ավագ սպայական կազմը, այլ՝ սրտսեր սպաները, որոնք իրենց կրթությամբ եւ վարքով նորեկներից գրեթե չեն տարբերվում:

«Մի քանի հոգի սպանել են մեկին: Բայց ռազմական ինստիտուտի պատերից դուրս եկեք եւ նայեք Ձեր շուրջը. մեր հասարակությունում նման բան չի՞ լինում:  Չպետք է կենտրոնանալ միայն բանակի վրա, քանի որ բանակը չի կարող հասարկությունից առանձին գործել, այն հասարակության մի մասն է, եւ բանակ գնացող մարդը նույն հասարակությունից է դուրս գալիս: Որպեսզի բանակում նման բան չլինի, պետք է փոխել հասարակությունը», - ասաց նա:

Հոգեբանը նշեց նաեւ, որ վերջին տասնամյակների ընթացքում մեր հասարակությունն անցել է շատ ծանր փոփոխությունների եւ փորձությունների միջով, ինչը չէր կարող իր հետքը չթողնել: Բացի այդ, բանախոսի կարծիքով, «ընտանիք» ինստիտուտում, երեխաների դաստիարակման, կրթման մոտեցումներում տեղի ունեցող փոփոխությունները եւս իրենց դերն են խաղացել՝ մարդկանց ավելի ագրեսիվ են դարձրել:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին, Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, որոնք կալանավորված են: Ըստ փորձաքննության՝ Հայկազը մահացել է   մեխանիկական շնչահեղձ լինելուց, ինչի պատճառով հարազատները կարծում են, որ ծառայակիցները նախ ծեծել են տղային, ապա տարել, կախել ինստիտուտի մարզահրապարակի պտտաձողից, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե նա ինքնասպան է եղել: