Մարդիկ սովորաբար հանցանք չեն գործում՝ պատժից վախենալով: Բայց եթե մարդը մի քանի անգամ վատ արարք է կատարում եւ դրա համար չի պատժվում, հաջորդ անգամ կարող է ավելի լուրջ հանցանք կատարել: Չի բացառվում, որ հենց այդպես է եղել Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում տեղի ունեցած սպանության դեպքում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Հոգեբանի խոսքով՝ եթե երիտասարդն անցյալում վատ արարք է թույլ տալիս, սակայն ինչ-ինչ պատճառներով արժանի պատիժ չի ստանում, ապա նրա մեջ կարող է ամենաթողության եւ սեփական անպատժելիության պատրանք ձեւավորվել: Նա կարող է մտածել՝ եթե անցյալում կատարված վատ արարքներն ինձ ներվել են, ուրեմն նման բոլոր արարքները հետագայում էլ կներվեն:
Սամվել Խուդոյանը նշեց նաեւ, որ մի շարք այլ գործոններ եւս կարող են ագրեսիայի դրսեւորման պատճառ դառնալ եւ մարդուն դրդել սպանության: Նրա խոսքով՝ երիտասարդներն այդ տարիքում սովորաբար կյանքի վերաբերյալ շատ ծայրահեղ հայացքներ են ունենում. նրանք ամեն ինչ տեսնում են կա՛մ սեւ, կա՛մ սպիտակ, իսկ ագրեսիան շատ հաճախ դառնում է ինքնահաստատման միակ միջոցը: Բանախոսն ասաց նաեւ, որ զինվորական հաստատություններում աղջիկների բացակությունն ինքնին ագրեսիվ վարքի առաջացման պատճառ է:
Տեսակետ կա, որ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող անձինք հանցանքը կատարելիս հարբած են եղել: Հոգեբանը շեշտեց, որ ալկոհոլն ու հարբածությունն իրականում կարող են սրել մարդու հակվածությունն ագրեսիային եւ բռնությանը, սակայն, նրա խոսքով, յուրաքանչյուր հարբածի շրջապատում սովորաբար լինում է մեկ-երկու սթափ մարդ, ոորնք թույլ չեն տալիս իրենց ընկերներին հիմարություններ անել: Նման մարդիկ եղե՞լ են արդյոք Հայկազի սպանության ժամանակ, թե ոչ, դեռեւս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին, Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, որոնք կալանավորված են: Ըստ փորձաքննության՝ Հայկազը մահացել է մեխանիկական շնչահեղձ լինելուց, ինչի պատճառով հարազատները կարծում են, որ ծառայակիցները նախ ծեծել են տղային, ապա տարել, կախել ինստիտուտի մարզահրապարակի պտտաձողից, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե նա ինքնասպան է եղել:






