Հանցանք կատարելուց հետո չպատժվելը, ինչպես նաեւ անհամարժեք պատիժը խեղաթյուրում են աշխարհի մասին մարդկանց պատկերացումները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը:
Նրա խոսքով՝ մեր հասարակությունում վերջին շրջանում փոխվել են պատժի եւ անպատժելիության մասին պատկերացումները: Շատ մարդիկ անպատժելիության պատրանք ունեն. նրանց թվում է, որ իրենք կարող են անել այն ամենն, ինչ ուզում են եւ որ «կապերն» ու փողն իրենց կազատի ցանկացած պատժից:
«Եթե սխալ արարքին չի հաջորդում պատիժը, հանցագործությունը, ամենայն հավանականությամբ կկրկնվի»,-նշեց Աղուզումցյանը:
Հոգեբանն ասաց նաեւ, որ ինքն ամեն ամիս մի խումբ այլ մասնագետների հետ այցելում է քրեակատարողական հիմնարկներ եւ կարող է վստահեցնել, որ այնտեղ պատահմամբ, «հենց այնպես» հայտնված անմեղ մարդիկ չկան: Մեկ այլ հարց է, որ նրանց պատիժը միշտ չէ, որ համապատասխանում է կատարած հանցանքի ծանրությանը, ինչի պատճառով էլ մարդկանց պատկերացումը շրջապատող իրականության հանդեպ փոխվում է:
Նա ընդգծեց, որ պատիժն անկասկած պետք է համապատասխանի հանցանքի ծանրությանը. դա շատ կարեւոր է, որպեսզի հասարակության անդամնեը կարողանան ճիշտ գնահատել իրենց շուրջը կատարվող դեպքերն ու սեփական արարքները:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ իր հերթին նշեց, որ երեխաներին, որպես պատիժ, ապտակելը եւ հարվածելը սխալ է համարում, քանի որ դժվար թե բռնության միջոցով հնարավոր լինի հասարակության լիարժեք անդամ ձեւավորել:






