Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշեւիչյուտեի հրավերով  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մինսկից մեկնել է Վիլնյուս։ Նպատակը` առողջապահության ոլորտում հայ-լիտվական համագործակցության ընդլայնումն է։

 Երկու երկրի  նախարարների մասնակցությամբ քննարկվել են բժշկական ապահովագրության,  առողջապահական համակարգի ֆինանսավորման եւ այլ հարցեր:

Կաունաս  քաղաքում Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է   Լիտվայի համալսարանի բժշկական գիտությունների հիվանդանոց   («Kauno klinikos»): 

Նախարարին են ներկայացվել Լիտվայի հաջողությունները փոխպատվաստման  իրականացման գործում, սրտաբանական ծառայության բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի ոլորտներում: Անդրադարձ է կատարվել նաեւ  ներհիվանդանոցային վարակների  կանխարգելմանն ուղղված միջոցառումներին:

 Դեղերի վերահսկողության պետական ծառայությունում  տեղի առաջատար մասնագետները մեր պատվիրակությանը ծանոթացրել են  Լիտվայի դեղերի շուկայի կառավարման փորձին: Այցելություններ են  կազմակերպվել նաեւ դեղագործական ընկերություն, որտեղ հայկական կողմին են ներկայացրել արտադրական պայմանները: Շրջայց է կատարվել նաեւ Վիլնյուսի «Santariškių klinikos» բժշկական կենտրոնում: