«Եվա» անունով ռոբոտ-գիտնականը զարմացրել է իր մարդ-գործընկերներին. Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի գիտնականների կողմից ստեղծված այս ռոբոտը  մալարիա հիվանդության դեմ պայքարող նոր դեղամիջոց է հայտնաբերել:

Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` ռոբոտը դեղամիջոցը գտել է  երկարատեւ ուսումնասիրությունների արդյունքում. գիտնականները «Եվայի» առջեւ խնդիր էին դրել՝ տարբեր նյութերը միմյանց համակցելով պարզել, թե որ նյութերի միացությունը կկարողանա հնարավորինս արդյունավետորեն պայքարել մալարիայի հարուցիչների՝ պլազմոդիումների (միաբջիջ նախակենդանիներ են) դեմ: «Եվային» հաջողվել է ավելի քան 15 000 միացությունից գտնել ամենահարմարն ու արդյունավետը: Նշվում է, որ ռոբոտ-գիտնականն արդեն ստուգել է նաեւ իր հայտնաբերած դեղամիջոցի վնասակար եւ թունավոր լինել-չլինելու հարցը՝ այն փորձարկելով գենետիկորեն ձևափոխված խմորասնկերի վրա:

Սովորաբար երկար տարիներ է պահանջվում դեղամիջոցները մշակելու և վաճառքի հանելու համար՝ արժենալով միջինը 1 միլիարդ դոլար: Գիտնականները հուսով են, «Եվայի» շնորհիվ այդ գործընթացը կկատարվի ավելի արագ եւ ավելի մատչելի: