Եղած կադրերը շատ քիչ են մասնագիտական եզրակացություն անելու համար, բայց համենայն դեպս ես չտեսա ոչինչ, որ ժխտի այն փաստը, որ Պերմյակովը կարող է նման հանցագործություն կատարել։ Այս մասին փետրվարի 7–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը, խոսելով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից եւ հասարակության արձագանքից։

«Հանցագործությունը բացառիկ է իր դաժանությամբ, եւ չէր կարող այդպիսի արձագանք չստանալ հասարակության կողմից», – ասաց նա, հավելելով, որ բոլորը ուզում են հասկանալ, թե ինչպես Պերմյակովը, այդ 19 տարեկան տղան, կարողացավ նման սահմռկեցուցիչ հանցանք կատարել։ Ըստ հոգեբանի, այն կադրերը, որ ցուցադրվել են, շատ քիչ նյութ են տալիս մասնագետներին եզրակացություն անելու համար։ Բայց տեսակետը, որ այդ անմեղ դեմքով տղան չի կարող նման հանցանք գործել, եւս անհիմն է, որովհետեւ հանցագործները միշտ չեն համապատասխանում հասարակության մեջ ձեւավորված կարծրատիպերին։

Նա նշեց, որ Պերմյակովի դեպքում մարդիկ ակնկալում էին տեսնել հրեշավոր մի կերպարի, եւ հասարակության մեջ կասկածներ, թեյականություն առաջացան հենց այն պատճառով, որ նա այդ կարծրատիպին չէր համապատասխանում։

«Եղած կադրերը շատ քիչ են մասնագիտական եզրակացություն անելու համար, բայց համենայն դեպս ես չտեսա ոչինչ, որ ժխտի այն փաստը, որ այս մարդը կարող է նման հանցագործություն կատարել», – ասաց Կարինե Նալչաջյանը։

Ըստ հոգեբանի, շատ կարեւոր է նաեւ հանցագործության մոտիվացիան, դրդապատճառները, եւ սա հարցերի հարցն է նաեւ իրավապահ մարմինների համար։  Կա մոտիվացիաների երկու խումբ.

  1. Գործիքային ագրեսիա՝ մարդը դիմում է ագրեսիայի, ընդհուպ մինչեւ սպանություն, որոշակի շահեր հետապնդելով։
  2. Պահի մեջ բռնկումները։

Ըստ մասնագետի, Պերմյակովի դեպքում երկու տարբերակն էլ չեն բացառվում, այսինքն, նա կարող էր եւ պատվեր կատարել, կարող էր եւ գործել էքստազի մեջ, մթագնած վիճակում, երբ ամեն մի շարժվող բան իր թշնամին է, անգամ երեխան։

«Ընդհանրապես մարդ սպանելու համար, թերեւս նաեւ երեխա սպանելու համար բարոյական զարգացման զրոյական մակարդակ է հարկավոր։ Բարոյական տհասություն հասկացություն կա հոգեբանության մեջ։ Ես կարծում եմ, որ քնած մարդ կամ երեխա սպանելու համար բարոյական զարգացման շատ ցածր մակարդակ պետք է ունենալ», – ասաց նա։

Հանցագործի հոգեկան վիճակի մասին խոսելով, մասնագետը եւս մեկ անգամ շեշտեց, որ եղած նյութը անբավարար է մասնագիտական եզրակացություն անելու համար։

Ինչ վերաբերում է մտավախությանը, որ Պերմյակովին կարող են հոգեկան հիվանդ ճանաչել ուղղակի հանցագործությունը կոծկելու համար, Կ. Նալչաջյանը հիշեցրեց, որ հոգեկան առողջության եւ պաթոլոգիայի սահմանները շատ թափանցիկ են, եւ նյութը հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել։ Ըստ նրա, Պերմյակովի դեպքում պետք է շատ լուրջ փորձագիտական եզրակացություն լինի։ Նա նաեւ նշեց, որ կան պաթոլոգիայի աստիճաններ, երբ մարդն, այնուամենայնիվ, պատասխանատվություն է կրում իր արարքների համար։