Սա փողոցային բարքերի տեղափոխումն է բանակ, եւ սա շատ վտանգավոր միտում է։ Այսպես բնութագրեց ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դաժան սպանությունը հոգեբան Կարինե Նալչաջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ նրա, նման դեպքերն անխուսափելի են, եթե կյանքի օրենք են դառնում բացասական արժեքները։
«Մենք հասել ենք, ուր հասել ենք։ Մենք անընդհատ խոսում էինք արժեզրկման մասին, ագրեսիվ ֆիլմերի, հանցագործությունների էկրանացման, եւ որ այս ամենը սոցիալական ուսուցում է։ Մենք հիմա կանգնած ենք մի սերնդի առջեւ, որտեղ, մանավանդ եթե խոսքը տղաների մասին է, ուժեղ լինելու, կարող լինելու, ազդեցիկ լինելու էդ ամբողջ պատկերը կապված է դաժան, բթամիտ ագրեսիվության հետ։ Ժարգոնային գողական բարոյականության, վարքի կարգավորման ինչ որ սահմանումներ են ստեղծել։ Ու ահա մի աստիճանի ենք հասել, որ կարող են նույնիսկ ինչ որ հարցեր լուծելիս չորս հոգով մեկին սպանել։ Ինչ աստիճանի դաժանություն եւ սադիզմ. մարդուն սպանում են, հետո բեմականացում են կազմակերպում, սցենարներ մտածում, տանում կախում։ Դաժանության ամենաբարձր աստիճանն է», – ասաց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին, Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, որոնք կալանավորված են: Ըստ փորձաքննության՝ Հայկազը մահացել է մեխանիկական շնչահեղձ լինելուց, ինչի պատճառով հարազատները կարծում են, որ ծառայակիցները նախ ծեծել են տղային, ապա տարել, կախել ինստիտուտի մարզահրապարակի պտտաձողից, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե նա ինքնասպան է եղել:






