Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունը արտառոց դեպք էր, եւ երկու շատ ազդեցիկ հանգամանք մարդկանց փողոց դուրս բերեց, կարծում է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Ըստ նրա, գյումրեցին շատ արժանապատիվ կեցվածք ցուցաբերեց։

Հոգեբանի խոսքով, այստեղ երկու շատ ազդեցիկ բան իրար հետ էին։ «Նախ, սպանության թիրախը մեզ համար եւ ընդհանրապես մարդկային իմաստով սրբություն էր։ Ընտանիքը սրբություն է, երեխան պաշտամունք է մեզ համար։ Գլխատվել էր այդ երկուսը, եւ մարդիկ չդիմացան։ Բայց այստեղ շատ կարեւոր էր նաեւ վիրավորանքի տարրը, որ մեզ սպանել է նա, ով պիտի մեր բարեկամը լիներ։ Վիրավորանքը եւ այդ ապրումը սգի, վշտի ցնցող զգացողությունը, երկուսը իրար հետ բերեցին ժողովրդական պոռթկումի», – ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Մեկնաբանելով այն տեսակետը, որ այդ պոռթկումը արդեն մարել է, Կ. Նալչաջյանը նկատեց, որ դա այդպես չէ։ «Մի տեսակ մենք բոլորս լուռ, սպասողական, վիճակում ենք, եւ ցանկացած ազդակին, որ այնտեղից գալիս է, շատ էմոցիոնալ ռեակցիա ենք տալիս։ Հետո, դա էլ է բնական, էմոցիաների ամենաբարձր մակարդակը մարդու կյանքում չի կարող անընդհատ լինել։ Դրանք կարող են ինկուբացիայի մեջ մտնել, բայց ամեն մի պահի, նոր ազդակների դեպքում, ժողովրդական նոր բռնկումները բացառված չեն», – ասաց նա։

Ինչ վերաբերում է շրջանառվող վարկածներին, որ Պերմյակովը չէր կարող միայնակ այդքան մարդ սպանել, կամ այն հանգամանքին, որ նա չի թաքցրել հանցագործության հետքերը, Կարինե Նալչաջյանը նշեց, որ այս հարցերը ավելի շատ իրավապահների տիրույթում են, բայց, ըստ նրա, ոչ մի տարբերակ բացառել չի կարելի։ Այսինքն, հավանականությունը, որ Պերմյակովը չի հանցագործը, կամ նա միայնակ չի գործել, 50/50 է։ Հետքերը թողնելու վերաբերյալ նա նշեց, որ ըստ իրավաբանների, կա հանցագործների մի տեսակ, ովքեր հատուկ այցեքարտ են թողնում, որպեսզի ասեն, որ տեսեք, ես եմ սա արել։ Դա կորող է լինել նաեւ այն դեպքում, երբ վարցու մարդասպանը իմաց է տալիս պատվիրատուին, որ պատվերը կատարված է։ Ընդ որում, ջուր խմելու ցանկությամբ Ավետիսյանների տուն մտնելու վարկածը հոգեբանը ամենաանհեթեթն է համարում։