Հայաստանում ատամնաբուժական ծառայությունների գինը,  հավանաբար, կշարունակի բարձրանալ, քանի որ «կյանքը թանկանում է», ատամնաբուժության մեջ կիրառվող նյութերն ու սարքերը եւս թանկանում են: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ գլխավոր ատամնաբույժ Լազար Եսայանը:

Նա հավելեց, որ վերջին շրջանում ատամնաբուժական ծառայությունների գինը աճել է արտարժույթի փոխարժեքի տատանումների պատճառով; ատամնաբուժական նյութերի գինը եւս բարձրացել է՝ մոտ 20 տոկոսով: Պատճառը, ըստ բանախոսի, այն է, որ նախկինում շատ նյութերի եւ սարքերի ներմուծման համար մաքսատուրք չկար, սակայն Մաքսային միությանն անդամակցելուց հետո մաքսատուրք է մտցվել, քանի որ սարքավորումների մեծ մասը ներմուծվում է ԱՄՆ-ից, Չինաստանից եւ եվրոպական երկրներից, այլ ոչ թե Եվրասիական տնտեսական միության երկրներից:

Բանախոսը նշեց, որ մեր երկրում մեկ ատամի լիցքի միջին արժեքը 20 000 դրամ է, ինչը, կարող է շատ բարձր գին թվալ Հայաստանի պես երկրի համար, սակայն, նրա խոսքով, լավ լիցքի համար 200 000 դրամն էլ քիչ կարող է լինել, քանի որ լիցքի գնից բացի պետք է հաշվի առնել մասնագետի աշխատանքը, նրա պատասխանատվությունը մատուցած ծառայության առջեւ: Նա ավելացրեց նաեւ, որ արտասահմանում ատամնաբույժի կատարած աշխատանքն այլ կերպ են գնահատում, իսկ ատամնաբուժական ծառայությունների գները շատ ավելի բարձր են, քան Հայաստանում՝ չնայած որ սարքավորումներն այնտեղ, որպես կանոն, ավելի մատչելի են:

Գլխավոր ատամնաբույժը հիշեցրեց, որ մեր երկրում որոշ սոցիալական խմբերի համար ատամնաբուժական ծառայությունները մատուցվում են անվճար՝ պետպատվերի շրջանակում: Նրա խոսքով՝ 2014 թվականի տվյալներով՝ Երեւանի 23 եւ մարզերի 54 բուժհիմնարկներ անվճար ատամնաբուժական ծառայություն են մատուցում անապահով քաղաքացիներին: