Թել Ավիվի (Իսրայելի) համալսարանի գիտնականները պարզել են, որ հոգեբանական սթրեսը նվազեցնում է ֆիզիկական ցավին դիմանալու կարողությունը: Science World Report-ի հաղորդմամբ՝ նրանք նման եզրահանգման եկել են 29 տղամարդու շրջանում անցկացրած ուսումնասիրության արդյունքում:
Հետազոտությունը կատարվել է երկու փուլով. առաջինում ուսումնասիրողները մասնակիցներին տվել են «սթրես-առաջադրանք»: Տղամարդիկ պետք է պատասխանեին ընդհանուր գիտելիքները ստուգող որոշ հարցերի: Իրականում, սակայն, առաջադրանքի նպատակը մասնակիցներին հոգեբանական սթրեսի ենթարկելն էր: Թեստից առաջ նրանց ասվել էր, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը, որպես կանոն, այդ հարցերի առնվազն 80 տոկոսին ճիշտ է պատասխանում: Համակարգչային թեստը, սակայն, այնպես էր ծրագրավորված, որ մասնակիցները կարողանան ճիշտ պատասխանել հարցերի 25-ից 45 տոկոսին միայն: Մասնակիցների՝ առավել շատ միավոր հավաքելու բոլոր ջանքերն ապարդյուն են եղել, ինչը նրանց սթրեսի է ենթարկել:
Այնուհետ անցկացվել է ուսումնասիրության երկրորդ փուլը, որի ժամանակ ստուգվել է, թե մասնակիցները որքան դիմացկուն են ֆիզիկական ցավի հանդեպ: Ուսումնասիրողներն արհեստական ջերմահարվածի են ենթարկել նրանց և խնդրել են նշել, թե երբ են ուժգին ցավ զգում: Այս գիտափորձն անցկացվել էր նաեւ «սթրես-առաջադրանքից» առաջ: Պարզվել է, որ սթրեսն ազդում է ցավին դիմանալու կարողության վրա. «սթրես-առաջադրանքի» ժամանակ առավել շատ սթրեսի ենթարկված մասնակիցներն ավելի քիչ դիմացկուն են եղել այրոցին, քան սթրեսի ցածր մակարդակ գրանցած մասնակիցները:






