Հայաստանում շատ ծնողներ հրաժարվում են ֆիզիկական կամ մտավոր արատով ծնված իրենց երեխաներից՝  վստահեցնում  է «Հայկական ճամբար» ՀԿ-ի նախագահ, հաշմանդամ երեխայի մայր Վարդուհի Արամյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում բոլորը սիրում են խոսել «հայ կնոջ» կերպարի մասին, սակայն անտեսում են փաստը, որ շատ հայուհիներ հրաժարվում են  հաշմանդամություն ունեցող իրենց երեխաներից, ինչն, ընդ որում, բնական է համարվում:

Շատերն են քննադատում նորզելանդացի Սեմյուել Ֆորեսթ (վերջերս Դաունի համախտանիշով ծնված երեխայի հորը), որը իր հարցազրույցներում Հայաստանը ներկայացրել էր որպես հետամնաց երկիր, որտեղ հաշմանդամ երեխաներին թողնում են մանկատանը, բայց, Արամյանի խոսքով, տղամարդը ճիշտն է ասել՝ «մեր իսկ թուլությունն օգտագործելով մեր դեմ»:

Մյուս կողմից, բանախոսի կարծիքով, Հայաստանում իրոք շատ դժվար է հատուկ խնամք պահանջող երեխային պահելն ու մեծացնելը, քանի որ սոցիալական աշխատողները և բուժաշխատողները որեւէ ձեւ չեն օգնում նման երեխա ունեցող ծնողներին, նույնիսկ անհրաժեշտ ինֆորմացիա չեն տրամադրում: Ավելին, պոլիկլինիկայի աշխատողներն, այցելելով ծննդատնից նոր դուրս գրված, այս կամ այն հիվանդությունով ծնված երեխայի տուն, զարմանքով հարցնում են ծնողներին, թե արդյոք չեն պատրաստվում երեխային մանկատուն հանձնել:

 Վարդուհի Արամյանի որդին ես ծնվել է ֆիզիկական արատով: Բանախոսը նշեց, որ իր տղան հաճախում է դպրոց, սովորում է, շփվում է մյուս երեխաների հետ՝ այդպիսով ապացուցելով մարդկանց, որ ֆիզիկական արատն այնքան էլ չի սահմանափակում մարդուն, ինչպես շատերն են կարծում:

Ֆինանսական խնդիրները, բնականաբար, շատ են: Տիկին Արամյանը նշեց, որ սահմանափակ կարողություններով երեխաների ծնողները միակ օգնությունը, որ ստանում են՝ հաշմանդամության նպաստն է:  Նրա խոսքով՝ 1998-ին իր որդին ստանում էր ընդամենը 2600 դրամ, այժմ՝ 21 000 դրամ, որը, սակայն,  որեւէ լուրջ ծախսի համար չի բավականացնում:

Ամեն դեպքում, Արամյանի կարծիքով, շատ ծնողներ հրաժարվում են խնդիրներով ծնված իրենց երեխաներից ոչ թե նրանց պահել չկարողանալու պատճառով, այլ որովհետեւ այդպես է ընդունված մեր հասարակությունում, եւ նման երեխաներին մանկատուն հանձնելը սովորական երեւույթ  է։