Բոլորովին վերջերս «Մալաթիա» բկ-ի Կանանց կոնսուլտացիա ծառայությունում մասնագետները սկսեցին կիրառել նոր՝ «Սուրգիտրոն» ռադիոալիքային սարքը, որը օգտագործվում է արգանդի վզիկի տարբեր խնդիրների ու հիվանդությունների բուժման նպատակով: «Սուրգիտրոն» սարքը կամ այսպես կոչված սառը ռադիոդանակն աշխարհում լայն տարածում է գտել իր օգտագործման դյուրինության, բարձր արդյունավետության եւ բուժման անվտանգության շնորհիվ,- այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բկ-ի կանանց կոնսուլտացիայի ծառայության ղեկավար, գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Իննա Գեորգիի Պերսոյանը։
Նա նաեւ նշեց, որ «Սուրգիտրոնի» գլխավոր առավելությունը հետվիրահատական բարդությունների բացակայությունն է, քիչ վնասվածք պատճառելը եւ կարճատեւ վերականգնողական փուլը: Ի տարբերություն հերձադանակի եւ վիրաբուժական էլեկտրադանակի՝ ռադիոալիքները չեն տաքացնում կամ վնասում փափուկ հյուսվածքները: Հետեւաբար՝ վիրահատությունից հետո բուժման, ապաքինման գործընթացը չի ուղեկցվում ցավի զգացումով, ինչպես նաեւ՝ սպիներ չեն առաջանում: «Սուրգիտրոնը» նաեւ ունի հականեխային ազդեցություն, ինչը զգալիորեն խոչընդոտում է վարակի ներթափանցումը եւ կանխում է բորբոքման գործընթացը: Բացի այդ, ի տարբերություն հերձադանակով կատարվող ավանդական վիրահատությունների, «Սուրգիտրոնի» դեպքում հյուսվածքների վերականգնումը զգալիորեն արագ է ընթանում:
Բուժակարգից հետո ներգործության հատվածում կեղանք է առաջանում, որը 3-5 օր անց ինքնուրույն անցնում է:
«Սուրգիտրոնը» կիրառվում է արգանդի վզիկի ցանկացած ախտաբանություն, արգանդի վզիկի լեյկոպլակիաները (այն ինչ առօրյայում էրոզիա ենք անվանում) բուժելու, ցերվիկալ (պարանոցային) խողովակի պոլիպները (լորձաթաղանթային բարորակ ուռուցք), ինչպես նաեւ սեռական օրգանների գորտնուկներն ու պապիլոմաները հեռացնելու համար:
Պերսոյանը հավելեց, որ սարքն օգտագործվում է նաեւ արգանդի վզիկի էրոզիան բուժելու, ինչպես նաեւ ուռուցքներ ախտորոշելու համար: Եթե PAP- թեստը որեւէ խնդիր է հայտնաբերում, ապա կոլպոսկոպիա է կատարվում (հետազոտություն կոլպոսկոպի միջոցով), իսկ անհրաժեշտության դեպքում «Սուրգիտրոնի» միջոցով բիոպսիա՝ նմուշառում: Եթե բիոպսիայի պատասխանը եւս բացասական է լինում, ապա նույն «Սուրգիտրոնի» կիրարկմամբ կատարվում է արգանդի վզիկի կոնիզացիա (կոնուսաձեւ հյուսվածքահատում):
Բժշկի խոսքով՝ «Սուրգիտրոնի» կիրարկմամբ կատարված բուժակարգից հետո կանայք կարող են հանգիստ հղիանալ եւ երեխաներ ունենալ, իսկ, օրինակ ԴԷԿ-ից հետո կարող են առաջանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝ արգանդի վզիկի սպիական փոփոխություններ, արգանդի պարանոցային կպումներ, ինչը դժվարացնում է ծննդաբերության ժամանակ արգանդի վզիկի բացումը:
Ընդ որում, լաբորատոր բոլոր հետազոտությունները, բացառությամբ մի քանի գենետիկական անալիզի, կատարվում են տեղում՝ կենտրոնի լաբորատորիայում:
«Ընդհանրապես, կանայք տարին առնվազն մեկ անգամ պետք է գինեկոլոգիական կանխարգելիչ բուժզննում անցնեն, եթե նույնիսկ որևէ գանգատ չունեն. սա շատ կարևոր է եւ մենք մշտապես նրանց կոչ ենք անում չմոռանալ այդ մասին»,- նշեց Պերսոյանը։ Նա հիշեցրեց, որ իրենց պոլիկլինիկայի սպասարկման տարածքում բնակվող կանանց համար գինեկոլոգիական խորհրդատվությունն անվճար է եւ ներառում է հետեւյալ ծառայությունները՝
1. գինեկոլոգիական բուժզննում եւ գինեկոլոգի խորհրդատվություն,
2. կրծքագեղձի պալպացիա (շոշափում),
3. քսուքի հետազոտություն,
4. արգանդի վզիկի քսուքի բջջաբանական հետազոտություն (PAP-smear կամ PAP-test),
5. սեռական ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն:
Իննա Պերսոյանը բացատրեց, որ իրենց կենտրոնում «Փափ-թեստի» ենթարկվում են 30-ից 60 տարեկան կանայք՝ ազգային ծրագրի շրջանակում: «Փափ թեստն» օգնում է հայտնաբերել արգանդի վզիկի հյուսվածքների այն բջջային փոփոխությունները, որոնք հետագայում կարող են քաղցկեղի հանգեցնել, եւ ժամանակին սկսել բուժումը: Այսօր այդ մեթոդը կիրառվում է ամբողջ աշխարհում եւ այն հարյուրավոր կանանց կյանք է փրկել: «Եթե «փափ-թեստի» պատասխանը բացասական է, ապա հաջորդ հետազոտությունը կատարվում է երեք տարի անց, իսկ պաթոլոգիա հայտնաբերելու դեպքում բուժում է իրականացվում, հաջորդ հետազոտությունը նշանակվում է մեկ տարի անց»- նշեց նա:
«Պետական սքրինինգային ծրագրի շրջանակում կատարվում է նաեւ 15 տարեկան աղջիկների անվճար բուժզննում: Քանի որ աղջիկներն այդ տարիքում մանկական պոլիկլինիկաներում են հաշվառված, ուստի հաշվառման վայրում նրանք ենթարկվում են ուլտրաձայանային հետազոտության, իսկ բժշկական խորհրդատվություն նրանց տրամադրում են մեր Կանանց կունսուլտացիայի գինեկոլոգները»,- պարզաբանեց Պերսոյանը:
Կենտրոնում պետպատվերի շրջանակում անվճար է կատարվում նաեւ հղի կանանց կոնսուլտացիան: Ներկայում «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի Կանանց կոնսուլտացիայում գործում է նաեւ «մայրերի դպրոց», որտեղ հղի կանայք տեսական գիտելիքներ են ստանում հղիության փուլերի, ծննդաբերության, նորածիններին կրծքով ճիշտ կերակրելու մասին, դիտում են ուսուցողական տեսանյութեր եւ այլն: Պերսոյանը եզրափակելով նշեց, որ նոր մասնաշենքում, որն այժմ վերանորոգվում է, նաեւ հղիների համար սպորտդահլիճ է լինելու:
Մեր զրուցակիցն այնուհետեւ ընդգծեց, որ վերոնշյալ դեպքերից դուրս «Մալաթիա» բկ-ում մատուցում են նաև վճարովի ծառայություններ, դրանցից բժշկուհին առանձնարեց կոլպոսկոպը՝ բժշկական օպտիկական սարք, որը լայնորեն կիրառվում է գինեկոլոգիայում, եւ որի շնորհիվ բժիշկները մանրակրկիտ զննում են հեշտոցն ու արգանդի պարանոցը: Հետազոտությունն օգնում է բացահայտել էրոզիաները, լեյկոպլակիան, նախաքաղցկեղային վիճակը եւ մի շարք այլ ախտաբանական փոփոխություններ: Հատուկ մոնիտորի օգնությամբ այցելուի արգանդի վզիկն էկրանին տեսնում է ոչ միայն զննող բժիշկը, այլեւ հենց զննվողը: Եվ եթե բժիշկը որեւէ ախտաբանություն է նկատում, էկրանի վրա ցույց է տալիս ացելուին եւ բացատրում է, թե նա ինչ խնդիր ունի:
Բժշկուհին հավելեց, որԿանանց կոնսուլտացիայում աշխատում են բարձր որակավորմամբ փորձառու բժիշկներ, լավ պատրաստված միջին բուժանձնակազմ: Բաժանմունքում գործում է նաև գինեկոլոգ-էնդոկրինոլոգի մասնագիտացված կաբինետ, որտեղ կարող եք ստանալ խորհրդատվություն`
դեմքի հավելյալ մազակալման,
մազաթափության,
պզուկների, ակնեի, գերճարպոտ մաշկի եւ մազերի,
մաշկի ծալքերի հիպերպիգմենտացիայի,
ճարպակալման,
կրծքագեղձերում ցավի և տհաճ զգացողության առկայության, կաթնախեժի արտադրության` կերակրումով չպայմանավորված դեպքերում,
դաշտանային ցիկլի խանգարման, ցավոտ դաշտանի,
արտաքին սեռական օրգաններից արյունահոսության,
40 տարեկանից մեծ կանանց մոտ` ջերմահորդանքի, գերքրտնարտադրութան, հաճախամիզութան, սրտխփոցի, հաճախասրտության, վերջույթների և մեջքի շրջանի ցավերի, սրտի շրջանում ցավի, բարձր զարկերակային ճնշման, տրամադրության հաճախակի փոփոխությունների վերաբերյալ:









