Գերմանական STADApharm դեղագործական ընկերությունը 2015 թ-ի մարտին վաճառքի կհանի Էբոլա վիրուսի ախտորոշման էքսպրես թեստեր: Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թեստի միջոցով հնարավոր է լինելու հայտնաբերել ավելի ուշ փուլերում գտնվող էբոլան:

Նոր թեստը էլեկտրասնուցման համակարգի և լրացուցիչ սարքերի կարիք չունի. թեստն արվելու է տեղում՝ արյան նմուշի օգնությամբ: Թեստային ընդհանուր համակարգը մի քանի րոպեի ընթացքում արյան միջոցով պարզելու է՝ տվյալ անձի օրգանզիմում առկա է վիրուսը, թե ոչ: Թեստն արվելու է բացառապես բուժաշխատողների կողմից:

Հիշեցնենք, որ էբոլայի համաճարակը սկսվեց անցած տարվա փետրվարին: Առաջին դեպքերը գրանցվեցին Գվինեայում, այնուհետեւ համաճարակը տարածվեց Արեւմտյան Աֆրիկայի մի քանի երկրներում եւ Մալիում: Վարակի մի քանի դեպքեր գրանցվեցին նաեւ ԱՄՆ-ում եւ Իսպանիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ աշխարհում էբոլա ունեցողների թիվը մոտենում է 23 000-ին, իսկ մահացածների թիվը գերազանցել է 9 000-ը: Ներկայում համաճարակային վիճակը հատկապես անմխիթար է Սիերա Լեոնեում: Այս վիրուսով վարակված մի քանի անձինք հայտնաբերվեցին նաեւ ԱՄՆ-ում և Իսպանիայում:

STADApharm-ի մասնագետները նշել են, որ այս թեստերը թույլ են տալու հնարավորինս շուտ հայտնաբերել վիրուսը եւ առավելագույնս արագ մեկուսացնել վիրուսակրին, ինչը շատ կարևոր է, քանի որ փորձը ցույց է տվել՝ համաճարակի բռնկման հիմնական գոտիներում շատերը վարակվել են հենց մահացածների հետ շփվելու հետեւանքով: