Վոլգոգրադի բնակչուհի Ալեքսանդրա Տրանսերը ողջ կյանքում երազել է մոդելի կարիերայի մասին։ Այն բանից հետո, երբ նրան ասել էին, թե ինքը չափից դուրս կարճահասակ է մոդելային հարթակներ նվաճելու համար, աղջիկը որոշել էր դիմել ոտքերի երկարացման վիրահատության։ Ի միջի այլոց, նշենք, որ այդ վիրահատությունը էժան հաճույքներից չէ։

Աղջիկը 17 տարեկանում որոշել էր առաջին անգամ դիմել մոդելների դպրոց։ Այնտեղ նրան ասել էին, որ 165 սմ հասակով աղջկան վիճակված չէ մոդել դառնալ. Անհրաժեշտ է առնվազն 183 սմ հասակ։ Քանի որ բնական ճանապարհով դրան հնարավոր չէր հասնել, աղջիկը որոշել է դիմել վիրահատության։ Ծնողներն ի սկզբանե դեմ են եղել աղջկա այդ որոշմանը, սակայն ժամանակի ընթացքում հաշտվել են այդ մտքի հետ եւ աջակցել են նրան։

Անհրաժեշտ 6.000 ֆունտ ստերլինգը  հավաքելու համար աղջիկը թողել է ուսումը եւ անցել աշխատանքի։

Նրա հասակն ավելացնելու համար բժիշկները վիրահատել են աղջկա ոտքերը, որից հետո նա երկար ժամանակ քայլում էր Իլիզարովի ապարատով, որը ամեն օր «ձգում էր» ոտքի ոսկորները մեկ միլիմետրով։

9 ամսվա ընթացքում նրան հաջողվել է երկարացնել ոտքերը 9 սանտիմետրով։

«Հիմա ես պլանավորում եմ առաջիկա տարիների ընթացքում եւս 2 վիրահատություն տանել, իսկ 2018թ. իմ  հասակը կկազմի 183 սմ»,- ասել է Ալեքսանդրան, որը վերջերս դարձավ 30 տարեկան։  «Իհարկե այդ ժամանակ էլ ինձ կասեն, թե ես շատ ծեր եմ մոդել դառնալու համար։ Բայց գոնե մազերս կներկեմ, կդառնամ շիկահեր եւ ինձ կզգամ իբրեւ մոդել»: