Բրիտանական The Daily Mail-ն անդրադարձել է ֆրանսիացի լուսանկարիչ Քրիստիան Բերտելոյի յուրօրինակ եւ հետաքրքիր ֆոտոնախագծին. 38-ամյա տղամարդը լուսանկարում է կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ եկած երեխաներին՝ կյանքի առաջին 18 վայրկյանների ընթացքում:
Լուսանկարիչը նախագիծն իրականացնելու գաղափարը հղացել է, երբ իր որդու ծնունդն ընդունած բժիշկը խնդրել է մանկաբարձի աշխատանքը եւ մասնագիտությունը պատկերող մի քանի լուսնկարներ անել: Բերտելոն համաձայնել է, իսկ այնուհետ որոշել է երեխաների կյանքի առաջին վայրկյանների մասին պատմող լուսնակարների շարք ստեղծել: Հիվանդանոցի ղեկավարությունը համաձայնել է, եւ նա, ծննդաբերող կանանց թույլտվությամբ եւ որոշ «թրեյնինգներ» անցնելով, սկսել է իր նախագիծը:
Բերտելոն արդեն 40-ից ավելի նորածնի է լուսանկարել՝ կյանքի առաջին վայրկյաններին՝ նրանց ճիչը, պորտալարի կտրումը եւ այլն: Վերջերս Ֆրանսիայի մայրաքաղաքում բացվել է նրա լուսանկարների ցուցահանդեսը:
«Կան մարդիկ, որոնք վատ են արձագանքում իմ այս նախագծին, նրանք ասում են՝ ես իրավունք չունեմ ցույց տալու երեխաներին՝ արյունոտված: Ոմանք էլ կարծում են, որ այդ լուսնակարներն իրական չեն: Բայց նաեւ կան այնպիսիք, որոնք պարզապես հիանում են դրանցով», - պատմել է լուսանկարիչը:













