Կարելի՞ է, արդյոք, հավատալ քսուքների, տոնիկների եւ խնամքի այլ միջոցների վրա արված գրառումներին: Արդյո՞ք դրանցում կան այն բոլոր բաղադրիչները, որոնք գրված են փաթեթավորման վրա:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի այս հարցերին՝ բժիշկ-կոսմետոլոգ, մաշկաբան Լիլիթ Հարությունյանը նշեց, որ այսօր շուկայում մեծ քանակությամբ խնամքի տարբեր միջոցներ կան, եւ դրանք վաճառվում են ամենուր. դեղատներում, շուկաներում, մասնագիտացված խանութներում: Բնականաբար, այդ բոլոր միջոցները տարբեր են, եւ բոլորի մասին որեւէ բան պնդելը ճիշտ չէ:

Մասնագետի խոսքով, դժվար է ասել, թե իրականում ինչ կա անհայտ արտադրողի էժանագին կրեմներում, քանի որ դժվար թե դրանք ստուգվել են լաբորատորիաներում: Այդ պատճառով կոսմետոլոգը խորհուրդ է տալիս օգտվել խնամքի պրոֆեսիոնալ միջոցներից, ընդ որում, պետք է դրանք գնել ոչ թե առաջին պատահած վայրից, այլ մասնագիտացված խանութներից:

Որոշ կրեմների վրա գրված է, որ դրանք «հակաբակտերիալ» հատկություններ ունեն: Արդյո՞ք դա նշանակում է, որ դրանցում հակաբիոտիկներ կան: Եվ եթե այո, արդյո՞ք դրանք վտանգավոր չեն:

Ըստ մասնագետի, «հակաբակտերիալ» գրությունը ոչ միշտ է նշանակում, որ կրեմը հակաբիոտիկներ է պարունակում: Եթե դա այդպես է, ապա փաթեթի վրա պետք է նշվի այդ մասին: Եվ, բնականաբար, պետք չէ անհայտ ծագման կրեմներ գնել, ինչ էլ դրա վրա գրված լինի:

Ինչպե՞ս կարելի է հասկանալ, ո՞ր միջոցը գնել, իսկ որը՝ ոչ: Լիլիթ Հարությունյանի խոսքով, միայն մասնագետը կարող է ճիշտ միջոց ընտրել՝ հաշվի առնելով կոնկրետ այցելուի մաշկի առանձնահատկությունները, այդ պատճառով ճիշտ կլինի խորհրդակցել մասնագետի հետ: