Այսօր՝ փետրվարի 15-ին, նշվում է Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը (International Childhood Cancer Day): Առաջին անգամ օրացույցում այդ օրը հայտնվել է Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների համաշխարհային համադաշնության (ICCCPO) նախաձեռնությամբ: Այսօր Մանկական ուռուցքաբանների միջազգային ընկերակցության հովանու ներքո, Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը նշվում է ավելի քան 40 երկրներում:

Ցավոք, մանկական ուռուցքաբանական հիվանդությունների խնդիրների արդիականությունը տարեցտարի աճում է: Ավելին, եթե նախկինում երեխաները հիմնականում հիվանդանում էին լեյկեմիայով, ապա հիմա «երիտասարդացել» են նաեւ քաղցկեղային այլ հիվանդություններ:

2013 թվականին Հայաստանում մինչեւ 17 տարեկան երեխաների մոտ արձանագրվել է չարորակ ուռուցքների 59 դեպք: 2014-ի տվյալները դեռեւս հայտնի չեն:

Ինչ վերաբերում է համաշխարհային վիճակագրությանը, ամեն տարի աշխարհում շուրջ 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով, եւ նրանց կեսից ավելին մահանում է: Երեխաների մոտ մահացության նման բարձր ցուցանիշի պատճառներից մեկն այն է, որ դեպքերի մեծ մասում քաղցկեղը հայտնաբերվում է արդեն հիվանդության երրորդ աստիճանում, իսկ 8% դեպքերում՝ չորրորդ աստիճանում, ինչը զգալիորեն կրճատում է բուժման հնարավորությունը:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը ծնողներին կոչ է անում ավելի ուշադիր լինել սեփական երեխաների հանդեպ եւ նրանց առողջ կենսակերպ սովորեցնել, նրանց մոտ չծխել, իսկ ցանկացած կասկածի դեպքում անմիջապես դիմել մասնագետի: