Ծնողները պետք է թույլ տան, որ իրենց սահմանափակ կարողություններով երեխաները լինեն ավելի ինքնուրույն, որոշումներ կայացնեն եւ ձայնի իրավունք ունենան՝ կարծում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ իր հասարակական կազմակերպություն (առաքելությունն է աջակցել սահմանափակ կարողություններով մարդկանց եւ պաշտպանել նրանց իրավունքները ) դիմողները հաճախ նույնիսկ չեն կարողանում պատմել իրենց հետաքրքրությունների, նախասիրությունների մասին, ինչը շատ վատ է:
Ինքնուրույնությունն ու ակտիվ ապրելակերպը թույլ կտան այդ մարդկանց ամբողջովին ինտեգրվել հասարակությանը, որեւէ հետաքրքիր գործով զբաղվել եւ աշխատել: Ի վերջո, Ալավերդյանի խոսքով, հենց ակտիվ եւ անկախ մարդիկ են հաջողության հասնում:
Նրա կարծիքով՝ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց տեղաշարժի համար հարմարեցված ավտոբուսների գործարկումը կնպաստի իրավիճաի բարելավմանը, տեղաշարժվելու խնդիր ունեցող մարդիկ հնարավորություն կունենան լինելու ավելի անկախ, ավելի վստահ՝ սեփական ուժերի հադեպ: Սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց կյանքն ինչ-որ ձեւ բարելավելու նպատակին են ուղղված նաեւ կարատեի դասերը, որոնք, սպասվում է, որ կմեկնարկեն փետրվարի 20-ին, Երեւանում:
Արմեն Ալավերդյանը նշեց նաեւ, որ Երեւանի շատ հատվածներ հարմար չեն սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց տեղաշարժի համար, սակայն այդ ուղղությամբ քայլեր, նրա խոսքով, ձեռնարկվում են:
Այդուհանդերձ, մեր զրուցակցի կարծիքով, ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ մեր մտածելակերպը, կարծրատիպերը շատ հաճախ մարդկանց խանգարում են անել այն, ինչ ցանկանում են:
Նա նշեց նաեւ, որ Հայաստանում սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց պաշտոնական թիվը 198 000- է, բայց իրականում նրանց թիվը պետք է որ ավելի շատ լինի, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ցանկացած երկրի բնակչության մոտ 15 տոկոսն այս կամ այն ձեւի սահմանափակ կարողություն ունի:






