Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցան մի քանի հանցագործություններ, որոնք հասարակական մեծ հնչեղություն ստացան: Ոմանք կարծում են, որ նման հանցանքներ կատարող մարդիկ, ամենայն հավանականությամբ, հոգեկան որոշ խանգարումներ ունեն: Հոգեբան Սամվել Խուդոյանը, սակայն, ասում է, որ հոգեկան հիվանդների մեծ մասին ագրեսիան բնորոշ չէ:
«99 տոկոս դեպքերում հոգեկան հիվանդությունը մարդու մեջ ագրեսիա չի հրահրում եւ նրան չի դրդում բռնության»,- նշեց նա:
Խուդոյանի խոսքով՝ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց մեծ մասը ծանր տագնապի մեջ է լինում եւ ինքնամփոփ դառնում: Այդուհանդերձ, մեր զրուցակիցը չբացառեց, որ հոգեկան որոշ հիվանդությունների դեպքում մարդը հալյուցինացիայի ազդեցությամբ կարող է հանցանք գործել կամ, օրինակ, վնասել իրեն: Նման դեպքեր, բայց եւ այնպես, հաճախ չեն պատահում:
Հոգեբանն ընդգծեց, որ «հոգեկան խանգարում» եւ «հոգեկան առողջություն» հասկացությունները միանշանակ չեն, եւ հաճախ դժավար է հասկանալ՝ երբ է ավատրվում մեկն ու սկսվում մյուսը:
Նրա խոսքով՝ հանցագործություններն առավել հաճախ կատարվում են ոչ թե որեւէ հոգեկան խանգարման պատճառով, այլ աֆեկտի վիճակում, երբ մարդը չի կարողանում կառավարել իրեն եւ սթափ գնահատել ու գիտակցել իր գործողությունները:






