Չինաստանի 20-ամյա բնակիչ Ժենգ Յուշանը հազվադեպ հանդիպող հիվանդության պատճառով 7 տարեկանի տեսքի ունի: Բրիտանական The DailyMail-ի հաղորդմամբ՝ պատճառը հիպոֆիզի ուռուցքն է, որը խոչընդոտել է օրգանիզմում «աճի հորմոնի» արտադրությունը, եւ աղջկա օրգանիզմի աճը կանգ է առել:
Հիպոֆիզը՝ ստորին մակուղեղը, գտնվում է գանգի խոռոչում եւ պատասխանատու է մի շարք հորմոնների արտադրության համար, այդ թվում՝ աճի հորմոնի՝ սոմատոտրոպի: Սոմատոտրոպն էլ խթանում է ամբողջ օրգանիզմի եւ առանձին օրգանների աճն ու զարգացումը: Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էշլի Գրոսմանը պարբերականի հետ զրույցում ասել է, որ հիպոֆիզի ուռուցքը շատ հազվադեպ է պատահում, եւ կարող է խանգարել մարդու օրգանիզմի աճին եւ զարգացմանը:
«Որոշ մասնագետներ նշում են, որ նման երեխաները սպասվածից ավելի երկար են ապրում, բայց դա դեռեւս ապացուցված չէ»,-ասել է նա՝ հավելելով, որ հիպոֆիզի խնդիրների լուծման համար բավականաչափ գումար է անհրաժեշտ:
Հաղորդվում է, որ Յուշանը ծնվել է անապահով ընտանիքում: Ծնողները շուտով ամուսնալուծվել են, եւ աղջիկը մնացել է հոր խնամքի ներքո: Ամուսնալուծությունից շատ չանցած հայրն ախտորոշվել է քաղցկեղով, եւ հայր ու աղջիկ օրվա հացը սկսել են վաստակել տարբեր քաղաքներում մուրացկանություն անելով: 2013թ-ին նրա հայրը մահացել է ստամոքսի քաղցկեղից, եւ Ժենգը մնացել է մենակ՝ շարունակելով մուրացիկի կյանքը:
Որոշ ժամանակ անց, սակայն, բախտը ժպտացել է Յուշանին. չինացի մի զույգ, նկատելով նրան, որդեգրել է: Աղջկա նոր հոգատար ծնողները որոշել են ոչ միայն նրան դպրոց ուղարկել (աղջիկը դպրոց չի հաճախել, եւ այժմ ունի 5-6 տարեկան երեխայի մտավոր ունակություն), այլեւ զբաղվել նրա բուժմամբ՝ հույսով, որ որեւէ ձեւ կկարողանան օգնել նրան:
«Մեզ հետ այժմ նա լավ է զգում: Բայց կգա ժամանակ, երբ մենք չենք կարողանա նրան խնամել, ուստի պետք է այնպես անենք, որ նա ինքն ի վիճակի լինի պահելու իրեն եւ հոգալու իր խնդիրները»,-նշել են ծնողները:








