Հայաստանում ամեն տարի մանկական քաղցկեղի մոտ 70-80 դեպք է գրանցվում։ 1990-ականների ցուցանիշների համեմատ վերջին տարիների ցուցանիշները նվազել են՝ նախկինում ամեն տարի չարորակ նորագոյացություններով մոտ 100 երեխա էր հայտնաբերվում։ Այս մասին լրագրողներին ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապեւտ Հայկուհի Գյոքչյանն է հայտնել։
Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ վերջերս մանկական քաղցկեղների նվազման որոշակի միտում է նկատվում, ողջ աշխարհում քաղցկեղների թիվը շարունակում է աճել, իսկ վերջին 30 տարիների ընթացքում այն կրկնապատկվել է։ Ըստ համաշխարհային վիճակագրության՝ 10 000 երեխայից 2-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվում։
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մանկական քաղցկեղի ամենատարածված տեսակներն են.
- 0-4 տարեկանում՝ այսպես կոչված «էմբրիոնալ» քաղցկեղները;
- 10-14 տարեկանում՝ արյան, գլխուղեղի եւ ոսկորների քաղցկեղները;
- 16 տարեկանից բարձր՝ արդեն բոլոր այն քաղցկեղները, որոնք մեծահասակների շրջանում են տարածված (հիմնականում՝ թոքերի եւ կրծքագեղձի)։
Ի դեպ, հետաքրքիր է, որ տղա երեխաները քաղցկեղներով մոտ երկու անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան աղջիկները։ Մասնագետի կարծիքով՝ դա պայմանավորված է տղաների քրոմոսոմային առանձնահատկություններով։
Ինչ վերաբերվում է մանկական քաղցկեղների բուժմանն ու կանխատեսումներին, զարգացած երկրներում դրանց մոտ 80-85 տոկոսը բուժվում են։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, այստեղ ցուցանիշը մի փոքր ավելի ցածր է՝ 60-65 տոկոս, ինչը պայմանավորված է որոշ առաջադեմ տեխնոլոգիաների (օրինակ, ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի) բացակայությամբ եւ այն փաստով, որ մեզ մոտ մանկական քաղցկեղները հաճախ բավական ուշ են հայտնաբերվում՝ 3-4 փուլերում, երբ բուժվելու հավանականությունն արդեն բավական ցածր է լինում։






