Գվինեան, Լիբերիան եւ Սիերա-Լեոնեն մտադիր են վաթսուն օրվա ընթացքում զրոյին հասցնել էբոլայով նոր վարակումների քանակը: Այս մասին ասված է աֆրիկյան այս պետությունների առաջնորդների՝ Ալֆա Կոնդեի, Էլլեն Ջոնսոն Սերֆիի եւ Էռնեստ Բեյ Կորմայի տարածած համատեղ հայտարարության մեջ: Երկրների նախագահները հանդիպել են հունվարի 15-ին Գվիենայի մայրաքաղաք Կոնակրիում:
Նրանք դիմել են միջազգային հանրությանը էբոլայի դեմ պայքարում «անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու» խնդրանքով:
Տարածած հայտարարության համաձայն՝ « համաճարակը շարունակում է բացասաբար անդրադառնալ Գվինեայի, Լիբերիայի եւ Սիերա-Լեոնեի տնտեսության վրա նույնիսկ հիվանդության տարածման տեմպերի որոշակի անկման պարագայում»:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ մահացու այս հիվանդության համաճարակը ընթացիկ տարում կարող է աֆրիկյան այս երկրների տնտեսությանը 6,2 մլրդ դոլլարի վնաս հասցնել:
Չնայած միջազգային հանրության՝ հիվանդության տարածումը կանխելու ջանքերին՝ 2014 թ, մարտին համաճարակի բռնկումից ի վեր Գվիենեայում, Լիբերիայում եւ Սիերա-Լեոնեում մահացել է մոտ 9,2 հազար մարդ, վարակվել՝ 23 հազարը: ԱՀԿ-ի տվյալներով՝ հիվանդության տարածման տեմպերը այս ամիս որոշակի անկում են ապրել, որից հետո, սակայն, կրկին սկսել են աճել մասնավորապես Գվինեայում:






