Իր գոյության չորս տարվա ընթացքում (2011-2015թթ.) հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորած «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ֆինանսավորել է 452 քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապեւտ Հայկուհի Գյոքչյանը:

Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում հիմնադրամը ծախսել է 859 մլն. դրամ թանկարժեք դեղորայք ձեռք բերելու, ինչպես նաեւ որոշ երեխաներին արտասահմանյան կլինիկաներ (եթե Հայաստանում նրանց օգնել չէին կարող) տեղափոխելու եւ այնտեղ բուժելու համար:

Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում մինչեւ 18 տարեկան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակներում:  Սակայն, կան մի շարք թանկարժեք դեղեր, որոնք պետպատվերում ընդգրկված չեն: Եթե նախկինում ծնողները ստիպված էին ինքնուրույն միջոցներ հայթայթել այս դեղորայքը ձեռք բերելու համար, ապա այսօր դրանց համար վճարում է հիմնադրամը, որի հետ, ի դեպ, շատ արդյունավետ են համագործակցում մեր երկրի բժիշկները:

Ինչպես նշեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժնի ղեկավար, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը, այս համագործակցության շնորհիվ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը շատ ավելի արդյունավետ է դարձել, քանի որ հիմնական բարդությունը՝ դեղորայք ձեռք բերելու համար միջոցների հայթայթումը, հիմնադրամի շնորհիվ այլեւս արդիական չէ: Այսօր երեխայի բուժումն արդեն կախված չէ ծնողների սոցիալական վիճակից: