Շատ հաճախ քաղցկեղով տառապող երեխաների մոտ հիվանդության ախտորոշումը տեղի է ունենում բավականին ուշ՝ հիվանդության երրորդ կամ չորորդ աստիճանում, ընդ որում դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում՝ ներառյալ զարգացած երկրները:  Եթե քաղկցեղի բուժումը հիվանդության առաջին կամ երկրորդ աստիճանում ավելի հեշտ է ու արդյունավետ ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի մոտ, ապա հետագայում այն հիմնականում շատ ավելի բարդ է:

Ինչպես նշեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժնի ղեկավար, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը, ուշ ախոտորոշման պատճառը բժիշկների կամ ծնողների անտարբերությունը չէ: Խնդիրն այն է, որ երեխաների մոտ հիվանդությունը շատ արագ է զարգանում՝ մի աստիճանից անցնելով մյուսը:

Գրիգոր Բադալյանի խոսքով՝ հայ ծնողները շատ պատասխանատու են իրենց երեխաներին վերաբերվող հարցերում, եւ, նկատելով տարօրինակ որեւէ երեւույթ, անհապաղ դիմում են բժիշկներին: Բացի այդ, Հայաստանում բոլոր երեխաները պետք է պարբերաբար այցելեն գրանցման վայրի պոլիկլինիկաները: Մասնագետը հորդորում է չանտեսել այդ այցելությունները՝ միաժամանակ խորհուրդ տալով ընտանեկան բժիշկներին եւ մանկաբույժներին ուշադիր լինել եւ առաջին իսկ կասկածի դեպքում դիմել մանկական ուռուցքաբաններին:

Գրիգոր Բադալյանը նշեց նաեւ, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ցուցանիշները բավականին բարձր են՝ հիվանդների 70 տոկոսի մոտ նկատվում է ոչ միայն ռեմիսիա, այլ նաեւ ապաքինում: Վերջին տարիներին մոտ 600 երեխա, բուժում ստանալով, դուրս է գրվել հիվանդանոցից՝ վերադառնալով բնականոն կյանքին: Այս հիվանդությունների վաղ ախտորոշումը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների ներմուծումն ու ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի բացումը հնարավորություն կընձեռեն էլ ավելի բարելավել ցուցանիշները:

Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն իր հերթին խորհուրդ տվեց ծնողներին չափից դուրս կասկածամիտ չլինել՝ չանտեսելով միաժամանակ պոլիկլինիկայի պլանային եւ պրոֆիլակտիկ այցելությունները: Իսկ ցանկացած գանգատների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ երեխաների մոտ՝ ի տարբերություն մեծերի, հիվանդությունը կարող է բոլորովին այլ կերպ զարգանալ եւ միայն մասնագետը կարող է ախտորոշել այն: