Կարելի է արդյո՞ք ինքնուրույն ախտորոշել քաղցկեղը երեխաների մոտ կամ ո՞ր ախտանիշների վրա է պետք ուշադրություն դարձնել: Ե՞րբ պետք է երեխային տանել բժշկի: Ծնողներին հուզող այս եւ այլ հարցերին պատասխանում են հայ մասնագետները:
Ինչպես նշեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժնի ղեկավար, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ Գրիգոր Բադալյանը, երեխաների մոտ երբեմն անզեն աչքով տեսանելի ուռուցքներ են լինում: Ավելի հաճախ երեխաները տառապում են լեյկեմիայով, որը կարող է գրեթե չարտահայտվել կամ արտահայտվել անսպասելի կերպով: Բացի այդ, երեխաները հաճախ չեն կարողանում բացատրել, ինչն է նրանց անհանգստացնում եւ որ տեղն է ցավում, ինչն իր հերթին դժվարացնում է ծնողների խնդիրը:
Հենց այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին ուշադիր լինել եւ դիմել բժշկի հետեւյալ ախտանիշների դեպքում.
- Ընդհանուր թուլություն
- Վարքագծի փոփոխություններ՝ պասիվություն, երեխան անըդնհատ ցանկանում է, որ իրեն գրկած պահեն
- Ախորժակի բացակայություն, որի դեպքում երեխան հրաժարվում է իր սիրելի ուտեստից
- Անհասկանալի ցավեր
- Ջերմության բարձրացում՝ տեսանելի պատճառների բացակայության պայմաններում
- Կապտուկների առկայություն՝ տեսանելի պատճառների բացակայության պայմաններում (բացառությամբ այն դեպքի, երբ երեխան ընկել է)
Այս բոլոր ախտանիշներն, անշուշտ, կարող են ի հայտ գալ նաեւ այլ հիվանդությունների պարագայում, այդ պատճառով առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ծնողներին խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում պանիկայի չմատնվել, եթե երեխայի մոտ առկա է այս ախտանիշներից որեւէ մեկը: Փոխարենը պետք է երեխային տանել բժշկի: Իսկ ավելի լավ է չանտեսել պոլիկլինիկայի պլանային եւ պրոֆիլակտիկ այցելությունները, քանի որ ընտանեկան բժիշկներն ու մանկաբույժները կարող են ժամանակին արձանագրել խնդիրը՝ երեխային ուղարկելով համապատասխան մասնագետի մոտ:






