Հայաստանում ամեն տարի գրանցվում է մանկական քաղցկեղի մոտ 10 նոր դեպք, բայց չնայած այս փաստին՝ մանկական ուռուցքաբանները Հայաստանում շատ քիչ են: Առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապեւտ Հայկուհի Գյոկչյանի խոսքով՝ երկրում կան մանկական ուռուցքաբանության ոլորտի մասնագիտացումով ընդամենը մեկ բժիշկ եւ մի քանի արյունաբաններ, որոնք զբաղվում են մանկական լեյկոզով:
Ինչու՞ են մասնագետներն այդքան քիչ:
Հայկուհի Գյոկչյանի խոսքով՝ կա մի քանի պատճառ: Առաջինն այն է, որ մանկական ուռուցքաբանությունը արդեն մի քանի տարի է, ինչ չի դասավանդվում բժշկական համալսարանում որպես առանձին առարկա: Մանկական ուռուցքաբանության ոլորտում մասնագիտացող կլինիկական օրդինատորներ նույնպես չկան: Բացի այդ՝ մանկական ուռուցքաբանությունը հոգեբանական տեսանկյունից շատ ծանր ոլորտ է, եւ ոչ բոլոր բժիշկները կարող են աշխատել հիվանդ երեխաների հետ՝ հոգեբանական ծանր ապրումներ չունենալով:
Չնայած այն հանգամանքին, որ, շատ բժիշկների կարծիքովմ մանկական ուռուցքաբան լինելը չափազանց դժվար է, հարկ է նշել, որ քաղցկեղով հիվանդ երեխաների ապաքինման ու բուժման արդյունավետության ցուցանիշը բավականին բարձր է: Այսպես, զարգացած երկրներում, տարբեր տեսակի քաղցկեղով հիվանդ երեխաների 80-85 տոկոսը ապաքինվում է (կամ արձանագրվում է երկարատեւ ռեմիսիա): Հայաստանում, հիշեցնենք, այդ ցուցանիշները մի փոքր ավելի ցածր են: Ապաքինվում է հիվանդների մոտ 60-70 տոկոսը, բայց դա էլ վատ ցուցանիշ չէ: Հարկ է նշել, որ մեծահասակների ապաքինման ցուցանիշը երբեմն շատ ավելի ցածր է՝ հատկապես ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի եւ թոքերի քաղցկեղի դեպքում:
Եթե մանկական ուռուցքաբաններն ավելի շատ լինեն, բացառված չէ, որ բուժումն էլ հնարավոր կլինի ավելի արդյունավետ դարձնել, ինչն իր հերթին կօգնի բազմաթիվ երեխաներին ազատվել հիվանդությունից եւ ապաքինվել:






