Հինգ ամիս առաջ Չիլիում լույս աշխարհ են եկել ընդհանուր սրտով սիամական երկվորյակներ: Բժիշկները երկար մտածում էին, կարելի է արդյոք «բաժանել» աղջիկներին վիրահատության միջոցով:  Բոլորովին վերջերս պարզվել է, որ դա անել հնարավոր չէ: Երեխաներն ամբողջ կյանքում միասին են լինելու:

«Այժմ երեխաները 5 ամսական են, նրանց հետազոտել են, եւ որոշել, որ, քանի որ նրանք ընդհանուր սիրտ ունեն, բաժանել նրանց չի ստացվի, - նշել է վիրաբույժ Ումբերտո Կաբալլերոն: – Մենք նաեւ չենք դիտարկում երեխաներից մեկին սպանելու տարբերակը՝ մյուսին ապրելու եւ զարգանալու հնարավորություն տալու համար»:

Մասնագետների խոսքով՝ Անաիսն ու Ամանդա Կրուզը ծնվել են այսպես կոչված սրտի ցիանոտիկ արատով, որի պատճառով թթվածնի մակարդակը արյան մեջ շատ ծացր է, ինչն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում կյանքի տեւողության վրա: Չնայած այս ամենի՝ աղջիկների հայրը, 41 տարեկան Վալդո Կրուզը նշում է, որ, քանի դեռ աղջիկները ողջ  են, ինքն ու իր կինը սիրելու են նրանց եւ հոգ են տանելու նրանց մասին:

Seattle Children's Hospital Foundation-ի տվյալներով՝ սիամական երկվորյակների 40 տոկոսը միացված են կրծքավանդակի շրջանում: Նրանց 75 տոկոսը մեկ ընդհանուր սիրտ ունի: Ոմանց մոտ ընդհանուր է նաեւ լեղապարկը, լեղուղիները,  մարսողական համակարգի վերին մասը:

Այդպիսի երեխաները սովորաբար լույս աշխարհ են գալիս կեսարյան հատման միջոցով, քանի որ բնական ծննդաբերությունն այս դեպքում չափազանց բարդ է: University of Maryland Medical Center-ի տվյալներով՝ սիամական երկվորյակների միայն 35 տոկոսն է մեկ օրից ավել ապրում: