Դեղը, որի որակից բողոքել է քաղաքացի Հրանտ Հովհաննիսյանը, հենց «ՆՕԿԻ» ՍՊԸ-ի արտադրության «Կարդիո ԱՍ» դեղամիջոցն է, ասվում է Հայաստանի առողջապահության պարզաբանման մեջ։ Ըստ նախարարության, ընկերության տնօրեն Հրայր Խոսրավյանի պնդումները, որ քաղաքացի Հ.Հովհաննիսյանի կողմից ՀՀ առողջապահության նախարարություն տրամադրված անորակ Ասպիրինը «ՆՕԿԻ» ՍՊԸ-ի արտադրանքը չի եղել, եւ որ Դեղերի փորձագիտական կենտրոնը շահադիտական նպատակներով չի վերագրանցել «ՆՕԿԻ» ՍՊԸ-ի կողմից արտադրված դեղերը, չեն համապատասխանում իրականությանը։

««ՆՕԿԻ» ՍՊԸ-ի եւ քաղաքացի Հ.Հովհաննիսյանի կողմից տրամադրված «Կարդիո ԱՍ» դեղի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դեղահատերն արտադրվել են «ՆՕԿԻ» ՍՊԸ-ի կողմից եւ չեն համապատասխանում չափիչ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին «սալիցիլաթթվի քանակ» եւ «մագնեզիում ստեարատի իսկություն» կետերով: 2014 թվականի հուլիսի 11-ից դադարեցվել է «ՆՕԿԻ ընկերության արտադրության «Կարդիո ԱՍ 100 մգ դեղահատեր N20» շրջանառությունը եւ հիվանդներին հատկացումը բժշկական հաստատությունների կողմից: 2014 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ «ՆՕԿԻ» ձեռնարկության կողմից արդեն իսկ հետ է հավաքվել «Կարդիո ԱՍ 100 մգ» դեղի` 12400 սպառողական փաթեթ», – ասվում է ՀՀ ԱՆ պարզաբանման մեջ։

Ինչ վերաբերում է «ՆՕԿԻ» ՍՊԸ-ի դեղերը չգրանցելուն, ապա ըստ նախարարության, Դեղերի փորձագիտական կենտրոնում ներկայումս փորձաքննության մեջ են գտնվում «ՆՕԿԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նեւրալգին, Ալբենդազոլ, Կարդիո ԱՍ եւ Իբունոկ դեղերը, իսկ Բետադինոկ դեղը գրանցվել է 2014թ.-ին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի որակից բողոքող քաղաքացի Հրանտ Հովհաննիսյանը մահացել է։ «ՆՕԿԻ» ՍՊԸ-ի  տնօրեն Հրայր Խոսրավյանը հայտնել էր, որ Հ.Հովհաննիսյանը բողոքել է պոլիկլինիկայի կողմից տրամադրվող «Ասպիրին Կարդիո»–ից, այլ ոչ իրենց ընկերության արտադրած Կարդիո ԱՍ դեղամիջոցից, մինչդեռ նախարուրությունը կասեցրել է հենց այդ դեղամիջոցի շրջանառությունը։