Լեաննա Լյոնը (41 տարեկան) տառապում է արտասովոր հիվանդությամբ, որը ստիպում է նրան մերկանալ մարդկանց ներկայությամբ: Նրա խոսքով՝ այս հիվանդությունը դժոխքի է վերածում իր կյանքը: Կնոջ գլխուղեղում զարգացել է փոքր ոչ չարորակ ուռուցք, որի պատճառով նա օրվա ընթացքում մոտ 5 նոպա է ունենում՝ յուրաքանչյուրը 30 րոպե տեւողությամբ:  Նոպաների ընթացքում նա չի վերահսկում իր գործողությունները եւ սկսում է հանել շորերը՝ ոչ միշտ, մոտավորապես ամիսը երկու անգամ:

«Մի անգամ ես նոպա ունեցա,  երբ գնումների էի գնացել, սկսեցի հանվել հենց խանութում: Ուշքի գալով՝ ես հասկացա, որ կագնած եմ ներքնաշորերով», - պատմում է կինը: «Ես երբեք չեմ կարողանում հիշել, ինչ է կատարվել հետս նոպայի ընթացքում, ես պարզապես ուշքի եմ գալիս եւ տեսնում, որ մերկ եմ»:

Խնդիրը կարող է ծիծաղելի թվալ, բայց կինը նշում է, որ շատ է տառապում դրա պատճառով, քանի որ չի կարողանում աշխատանք գտնել, նրա համար դժվար է հոգալ իր եւ իր երեխաների՝ Կիերանի եւ վեց տարեկան Մեգանի ապրուստը:

Բժիշկների խոսքով՝ կինը տառապում է հիպոթալամուսի գամարտոմայով, որը հայտնաբերվել է, երբ կինը 29 տարեկան էր՝ չնայած այն փաստի, որ նրա մոտ դեռեւս չորս տարեկանից տարօրինակ նոպաներ էին նկատվում: Նմանատիպ հետեւանքներով ոռուցքները չափազանց հազվադեպ են հանդիպում: Դրանցով տառապում է միլիոնից մեկը միայն:

Ուղեղի մի մասի եւ ուռուցքի վիրահատությունը դրական արդյունքների չբերեց: Ընդհակառակը, նոպաները հաճախակիացան: Այժմ բժիշկները պնդում են, որ կնոջը կարող է օգնել ժամանակակից լապարոսկոպիկ վիրահատությունը, որը, սակայն, արժե £95,000: Լեաննան փորձում է հայթայթել անհրաժեշտ գումարը եւ հույս է փայփայում, որ մի օր կկարողանա զբոսնել իր երեխաների հետ առանց իր կյանքը դժոխքի վերածած նոպաների: