Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ H1N1 բարձր պաթոգեն վիրուսի շտամը, որը ավելի հայտնի է որպես խոզի գրիպ, վերադարձել է երկիր: Հաղորդվում է խոզի գրիպի մահացու ելքով առնվազն երկու հաստատված դեպքի մասին՝ Հյուսիսային Օսիայում եւ Ստավրոպոլի շրջանում: 2009թ. ամբողջ աշխարհում հազարավոր կյանքեր խլած վիրուսը ախտորոշվել է նաեւ Մոսկվայի երեք բնակչի մոտ:
Ասյ պահին միայն Վլադիկավկազի հիվանդանոցում «թոքաբորբ» ախտորոշմամբ 40 հիվանդ կա՝ երեքը վերակենդանացման բաժնում: Համաճարակի բռնկվելուց ի վեր 5 հիվանդի կյանք չի հաջողվել փրկել: Հայտնում են, որ մահացածներից մեկը՝ երեսունամյա կինы, վարակված էր խոզի գրիպով: Լաբորատոր հետազոտությունները վիրուսի վտանգավոր այս շտամը հայտնաբերել են եւս 13 հոգու մոտ:
Իրավիճակը վերահսկելու համար փետրվարի 17-ից հանրապետությունում կարանտին է հայտարարված, ժամանակավորապես չեն գործում տեղի հանրակրթական հաստատությունները, արգելվել են զանգվածային միջոցառումները, ինչպես նաեւ հիվանդների այցելությունը:
Մահացու ելքով երկրորդ դեպքը արձանագրվել է Ստավրոպոլի շրջանի Լերմոնտով քաղաքում H1N1-ից տղամարդ է մահացել, բժիշկները վիրուսի այս շտամի կասկածանքով հոսպիտալացրել են եւս 5 հոգու:
Աճում է Ռուսաստանում նաեւ հասարակ գրիպով վարակվածների քանակը: Դրանք արդեն 30 միլիոն են կազմում: Առավել ակտիվ վարակվում են երեխաները, շատ քաղաքներում գրիպի տարածումը կանխելու նպատակով փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները:
ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, սակայն, նշել է, որ գրիպի տարածման հետ կապված արտասովոր որեւէ երեւույթ չկա:
«Ընդհանուր առմամբ, գրիպի տարածումը առայժմ չի գերազանցում սովորական սեզոնային սրացումները», - ասել է նախարարը:






