Հնդկաստանի Ռաջաստհան նահանգում 22-ամյա կինը ծննդաբերել է զուգարանում, իսկ երեխային պատահաբար գցել ռելսերի վրա:

Մանու անունով հղի կինը գնացքում իրեն վատ է զգացել եւ գնացել է զուգարան, որտեղ, սակայն, նրա ինքնազգացողությունն էլ ավելի է վատացել: Սկսվել են երկունքի ցավերը, եւ կինը  ուշագնաց է եղել: Լույս աշխարհ եկած փոքրիկը դրենաժային անցքով ընկել է ռելսերի վրա, հայտնում է Daily Mail-ը:

Դժվար է ասել, ինչով կավարտվեր այս պատմությունը, եթե այդ պահին զուգարանի մոտ կանգնած չլիներ գնացքի  պահակը: Տղամարդը երեխայի լաց է լսել, ինչի մասին էլ անհապաղ զեկուցել է մեքենավարին: Գնացքը կանգնեցրել են եւ սկսել են նորածնին փնտրել ռելսերի վրա: Ի զարմանս բոլորին՝ երեխան ընկնելուց ոչ մի վնասվածք չի ստացել՝ չնայած նրան, որ գնացքն ընթացել է բավականին մեծ արագությամբ:

Երիտասարդ մայրիկին եւ նորածնին հասցրել են մոտակա հիվանդանոց, որտեղ էլ նրանց առաջին օգնությունն է ցուցաբերվել: Ավելի ուշ նրանց տեղափոխել են քաղաքային կլինիկա, որի գլխավոր բժշկի պնդմամբ՝ նորածինն ու նրա մայրիկը իրենց լավ են զգում: Երեխան ընկնելուց վնասվածքների չի ստացել՝ չնայած որ ծնվել է անբավարար քաշով: