Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանում վերջերս արձանագրված խոզի գրիպը ներխուժել Հայաստան: Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ի  թղթակիցը զրուցել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակից Լիանա Թորոսյանի հետ:

Նրա խոսքով՝ «խոզի գրիպը» վաղուց էլ այդպես չի կոչվում: Իրականում դա H1N1-ն է՝ A գրիպի վիրուսի ենթատեսակը: Այն ընդամենը մեկն է գրիպի վիրուսի ենթատեսակներից, եւ տեսականորեն այն կարող է Հայաստան ներխուժել, սակայն, մասնագետի խոսքով՝ ներկա պահին Հայաստանում գրանցվում են գրիպի B եւ A H3 ենթատեսակի վիրուսները, ինչպես նաեւ շնչուղիների հիվանդությունների հարուցիչ այլ վիրուսները՝ ադենովիրուսները, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսները, ռինովիրուսները եւ այլն:

Հիմա գրիպի եւ ՍՇՎ հիվանդությունների սեզոն է, եւ հենց այդ հանգամանքն էլ ինքնին նպաստում է այդ հիվանդությունների առաջացմանն ու տարածմանը: Մասնագետի խոսքով, սակայն, հիվանդացության մակարդակն այժմ տարվա այս սեզոնին բնորոշ մակարդակից բարձր չէ:

«Մենք գիտենք, ինչ է տեղի ունենում Ռուսաստանում եւ հարեւան երկրներում եւ ուշադիր հետեւում ենք իրավիճակի զարգացմանը», - նշել է Լիանա Թորոսյանը եւ հավելել, որ Հայաստանում այժմ անցկացվում են այս հիվանդությունների կանխարգելման եւ մոնիտորինգի ստանդարտ միջոցառումներ: Մասնավորապես, մոնիտորինգ է իրականացվում դպրոցներում եւ մանկապարտեզներում: Վերլուծվում են եւ համեմատվում նախորդ տարվա ցուցանիշների հետ շտապ օգնության տրամադրած տվյալները: Նաեւ իրականացվում են մշտական լաբորատոր հետազոտություններ՝ ներկայումս տարածված գրիպի վիրուսի ենթատեսակների հայտնաբերման  համար: