Նախորդ շաբաթների համեմատ՝ Հայաստանում ՍՇՎ հիվանդությունների որոշակի աճ է նկատվել: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնել է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Ազգային ինստիտուտի աշխատակից Լիանա Թորոսյանը:

Մասնագետի խոսքով, սակայն, ՍՇՎ հիվանդությունների թիվը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 800-ով:

Վերակենդանացման բաժանմունքում գնտվող ծանր հիվանդներ տվյալ պահին չկան, ինչը, մասնագետի պնդմամբ, նույնպես վկայում է այն մասին, որ հիվանդացության աստիճանը նորման չի գերազանցում:  Չնայած դրան՝ երկրում շարունակվում է մոնիտորինգը, անցկացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց նպատակն է հայտնաբերել հիվանդությունների առավել տարածված հարուցիչները, գնահատվում է ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունն ու նպատակահարմարությունը:

Ինչ վերաբերում է առավել տարածված վիրուսներին, ապա, Լիանա Թորոսյանի խոսքով, հիմնականում գրանցվում են A H3, B, ինչպես նաեւ այլ պատոգեններ (ադենովիրուսներ, շնչառական սինցիտիալ վիրուսներ, ռինովիրուսներ եւ այլն), որոնց նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները:

Մասնագետը հիշեցնում է, որ մրսածության եւ գրիպի սեզոնը շարունակվում է եւ պետք է հագնվել եղանակին համահունչ, չզբաղվել ինքնաբուժմամբ եւ հետեւել հիգիենային: Այս ամենը կօգնի կանխել հիվանդությունը: Իսկ եթե դուք, այնումենայնիվ, հիվանդացել եք, խորհուրդ չի տրվում աշխատանքի կամ դասի հաճախել՝ սեփական ինքնազգացողությունը չվատթարացնելու եւ ուրիշներին չվարակելու համար: