Ցեղասպանության մասին անընդհատ հիշեցումը կարող է վախ ու տագնապ առաջացնել։ Ցեղասպանության մասին անընդհատ հիշեցումն ու այն մտքի անդադար կրկնությունը, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլապես նոր ցեղասպանություն կլինի, կարող են վնասակար լինել հայ ժողովրդի ինքնագիտակցության համար: Այս մասին այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը ասել է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:

Նրա խոսքով՝ այն միտքը, որ Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը, այլապես ամեն ինչ կարող է նորից կրկնվել, կարող է վնասակար լինել հայերի համար, նրանց վախ ու տագնապ ներշնչել: Իսկ տագնապը, ինչպես նաեւ այն զգացումը, որ ապագայում կարող են լուրջ խնդիրներ լինել, կարող է բազմաթիվ ինչպես հոգեբանական (նեվրոզներ, պսիխոզներ), այնպես էլ  հոգեսոմատիկ խնդիրների պատճառ դառնալ:

Հոգեբանի խոսքով՝ ցեղասպանության տարիներին մարդկանց հոգում նույնպես վախ ու տագնապ էր, ինչն էլ խանգարեց նրանց արժանի դիմադրություն ցույց տալ: Հիմա նմանատիպ վախերի կարիք բոլորովին էլ չկա:

Այժմ, իհարկե, մենք բանակ ու պետականություն ունենք, եւ այդ պատճառով մարդիկ ավելի ինքնավստահ են դարձել, ավելի քիչ են հակված տագնապ ապրելուն: Արցախում արձանագրած հաջողությունները նույնպես մարդկանց ավելի վստահ դարձրեցին: Սակայն, հոգեբանի կարծիքով, չի կարելի թույլ տալ, որ մարդկանց սրտերում նորից վախ ու տագնապ լինի:

Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչման հարցին, Ալբերտ Նալչաջյանը կարծում է, որ դրանով անպայման պետք է զբաղվեն համապատասխան մասնագետներն ու դիվանագետները, այլ ոչ թե ողջ ժողովուրդը: