Գյումրիի 2-րդ հանրակացարանում բնակվող 40 հոգուց ընդամենը մեկ ընտանիքի երկու երեխայի մոտ են հայտնաբերվել մաշկային հիվանդության ախտանշաններ՝ վերքեր եւ ցան, վերցվել է քսուք եւ կատարվում է համապատասխան հետազոտություն։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետ Լիանա Թորոսյանը, մեկնաբանելով «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանի տեղեկությունը, որ Գյումրիի այս հանրակացարանի բնակիչները տառապում են ինչ-որ անհայտ հիվանդությամբ։

Ըստ Լ. Թորոսյանի, մեր զանգից հետո իրենց մասնագետը այցելել է հանրակացարան եւ ճշտել, որ մարդկանց դժգոհությունն էր առաջացրել այն փաստը, որ հիվանդության ախտորոշման համար նրանց ուղարկել են տարբեր մասնագետների մոտ, բայց վերջնական պատասխան առայժմ չեն տվել։ Լիանա Թորոսյանը կարծում է, որ ամենայն հավանականությամբ երեխաների մոտ մաշկային հիվանդություն է, բայց կոնկրետ ախտորոշումը հայտնի կլինի վաղը առավոտյան, եւ ըստ այդմ էլ ազգային կենտրոնը որոշում կընդունի իր հետագա գործողությունների մասին, այսինքն կարի՞ք կա իրենց միջամտության, թե՞ ոչ։ Եթե պարզվի, որ հիվանդությունը իրոք մաշկային է, ապա երեխաների մեկուսացման խնդիր չի լինի, քանի որ այն վարակիչ չէ։

Վահան Թումասյանը NEWS.am Medicine-ին հայտնեց, որ տեքստիլի գործարանին պատկանող այդ հանրակացարանը ինքն այցելել էր երկու օր առաջ եւ այսօր օգնություն ցուցաբերելու նպատակով, եւ սարսափած էր մարդկանց բնակության պայմաններից։ Նա նաեւ հայտնեց, որ լրատվամիջոցներին դիմել է մեկ նպատակով՝ խնդիրը բարձրաձայնելու համար, որպեսզի այդ մարդիկ համապատասխան ծառայությունների ուշադրությանն արժանան։

Լիանա Թորոսյանը եւս հաստատեց, որ մարդիկ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, ինչն ուղղակի անթույլատրելի է, եւ խոստացավ, որ ազգային կենտրոնը կփորձի միջամտել այդ հարցին։