Ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծման գործում առկա հիմնախնդիրները լուծելու համար Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է ձեւավորել նոր խորհուրդ` նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի նախագահությամբ եւ մինչեւ շաբաթվա վերջ հրավիրել խորհրդի նիստ` ներկայացնելով աշխատանքային պլան, հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

Այսօր, փետրվարի 18–ին նախարարի մոտ կայացած ընդլայնված խորհրդակցության ժամանակ շահագրգիռ կառույցների հետ քննարկվել են օրակարգային խնդիրները, մասնավորապես` ծրագրի ընդունման եւ հանձնման, տեխնիկական ու կազմակերպական հարցերը, դրանց լուծման ուղղությամբ քայլերը։

Կենտրոնական բանկի խորհրդի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (նախկին) գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Սերգեյ Խաչատրյանը եւ Գագիկ Միրիջանյանը, աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաեւ Ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Յաղջյանը մանրամասն քննարկել են կենտրոնի հետագա կառուցման եւ սարքավորումներով հագեցման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։

Առաջարկվել է խորհրդում ընդգրկել նաեւ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ)։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչ այդ առողջապահության նախարարությանը կփոխանցվի կենտրոնի նախագծային-նախահաշվային ողջ փաթեթը։

Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։

Կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքային հիվանդությունների բուժում վիրաբուժական, քիմիաթերապեւտիկ, այդ թվում` բարձր դեղաչափային, ճառագայթային, իմունաթերապեւտիկ, հորմոնային, ռադիոիզոտոպային, պրոտոնային թերապիայի մեթոդներով եւ այլն, ինչպես նաեւ ռադիոիզոտոպների արտադրություն: