Էբոլայի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերի մշակումը արագ տեմպերով է ընթանում, փետրվարի 18-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Նրա խոսքով՝ պատվաստանյութերից մեկն արդեն փորձարկվում է պրիմատների վրա, եւս երեքը կփորձարկվեն մոտակա ամսվա ընթացքում:
«Այն պատվաստանյութը, որն ամենաառաջինն է մշակվել՝ մինչեւ Էբոլայի համաճարակի բռնկումը, այժմ փորձարկվում է պրիմատների վրա: Մնացածները կլինիկական փորձարկման փուլում են, մոտակա ամսվա ընթացքում դրանք նույնպես կփորձարկվեն պրիմատների վրա», - մեջբերում է նախարարի խոսքերը ՌԻԱ Նովոստին:
ՌԴ առողջապահության նախարարը հավելել է, որ 9 հազարից ավել մահվան դեպքերի պատճառ հանդիսացած մահացու վտանգ ներկայացնող վիրուսի երկու պատվաստանյութերը մշակելիս հաշվի է առնվել Եվրոպայի եւ ԱՄՆ դեղագործական ընկերությունների փորձը: Մյուս երկուսի դեպքում կիրառվել են սեփական մոտեցումները:






