Գլոբալ հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել 2015-2018թթ. ընթացքում շարունակել աջակցությունը Հայաստանում տուբերկուլոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծառայությունների հետագա բարեփոխումների գործընթացին` նոր դրամաշնորհներ տրամադրելով, հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
Համաձայն հաղորդագրության, նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Գլոբալ հիմնադրամի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Կանտոյին եւ պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրշեչկինային:
Կարեւորելով մեր երկրում նշյալ ծրագրերը` Գլոբալ հիմնադրամի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել 2015-2018թթ. ընթացքում շարունակել աջակցությունը տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծառայությունների հետագա բարեփոխումների գործընթացին` Հայաստանին նոր դրամաշնորհներ տրամադրելով:
Քննարկվել է նաեւ ՀՀ կառավարության կողմից ակնկալվող աջակցությունը` ուղղված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերում արձանագրված արդյունքների կայունության ապահովմանը, ինչը կներդրվի դրամաշնորհային ծրագրերի հնարավոր ավարտի պայմաններում ՀՀ տնտեսական աճի տեմպերին զուգընթաց 2018 թվականից հետո:






