9-ամյա Բրիսթոուն համարվում է ամորձիների քաղցկեղով տառապող ամենաերիտասարդ հիվանդը: Այդ հիվանդությամբ հիմնականում տառապում են նրանից 3 կամ նույնիսկ 4 անգամ մեծ տղամարդիկ:
Անցյալ տարվա սեպտեմբերին ֆուտբոլ խաղալիս տղան գնդակով հարված է ստացել աճուկին: Դրանից հետո նրա աջ ամորձին ուռել է, սակայն բժիշկները կարծել են, որ նրա մոտ հասարակ բորբոքում է եւ հակաբորբոքային միջոցներ նշանակել: Շուտով տղան երկրորդ անգամ է գնդակով նույն տեղին հարված ստացել, որից հետո նրան տեղափոխել են Basingstoke and North Hampshire Hospital, որտեղ էլ բժիշկները նկատել են, որ երեխայի աջ ամորձին ձախից շատ ավելի մեծ է: Բիոպսիան չարորակ ուռուցք՝ սեմինոմա հայտնաբերեց:
Բժիշկները ստիպված էին հեռացնել տղայի աջ ամորձին, երեխան քիմիաթերապիայի երկու փուլ է անցել, բազմաթիվ անալիզներ հանձնել, ենթարկվել բիոպսիայի եւ ուլտրաձայնային հետազոտությունների:
«Ես չեմ էլ զգում, որ քաղցկեղ ունեմ: Երբեմն շատ է ցավում, երբեմն նորմալ է, բայց մեկ է, չեմ սիրում սրսկումները», - պատմում է տղան: «Իմ ընկերներն ինձ աջակցում են ինչքան կարող են», - հավելում է նա:
Տղայի ծնողները, սակայն, երեխայից շատ ավելի ծանր են տանում այս ամենը: Նրանց մխիթարում է միայն այն, որ, բժիշկների խոսքով, բուժման հավանականությունը շատ բարձր է՝ 95 տոկոս: Այնպես որ, ծնողները հույսը չեն կորցնում:
Ջեքի ծնողները փորձում են անհրաժեշտ միջոցներ հայթայթել՝ իրենց որդու բուժումը շարունակելու համար:






