Մեր երկրում հայրերը սխալ են դաստիարակում իրենց որդիներին, եւ այդպիսի դաստիարակությունը կարող է հանգեցնել ոչ ադեկվատ վարքագծին, կարծում է հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նրա խոսքով՝ շատ տղամարդիկ ասում են իրենց որդիներին, որ չկա նրանցից լավն ու ուժեղը եւ որ նրանք կարող են ծեծել իրենց նեղացնողին եւ, ընդհանրապես, անել այն, ինչ ցանկանում են:
«Ինչ ուզում ես արա, ես տեր եմ», - ասում են հայրերը:
Այս կերպ սերմանած անպատժելիության զգացումը, ինչպես նաեւ այն համոզմունքը, որ հայրը կանգնած է մեջքի հետեւում եւ «տեր է» որդու ամեն արարքին, տղաներին ինֆանտիլ եւ անպատասխանատու է դարձնում: Այդպիսի դաստիարակություն ստացած երեխաները կարող են ագրեսիվ լինել, իսկ դժվար իրավիճակներում անօգնական են դառնում՝ չկարողանալով ճիշտ որոշումներ ընդունել:
Հոգեբանի խոսքով՝ «Ինչ ուզում ես արա, ես տեր եմ» սկզբունքը ինքնին հակասում է դաստիարակության գաղափարին, որի ողջ էությունը կայանում է նրանում, որ երեխային պետք է պատասխանատու եւ հասուն դարձնել:
«Սա երեխային դաստիարակելու վատագույն տարբերակն է», - նշում է մասնագետը:
Նա հիշեցնում է նաեւ, որ ցանկացած երեխա իր ընտանիքի արտացոլումն է: Շատ հաճախ ծնողները բողոքում են երեխայի վարքագծից, սակայն, եթե նրանք վերլուծեն իրադրությունը, կհասկանան, որ երեխան այդպիսին է դարձել իրենց իսկ տված դաստիարակության արդյունքում:






