Շվեյցարացի բժիշկները իրենց հայ գործընկերների հետ միասին սրտի բացառիկ երկու վիրահատություն են կատարել «Էրեբունի» կենտրոնում: Վիրահատությունների բացառիկությունը կայանում էր ոչ միայն դրանց բարդության, այլեւ պաթոլոգիաների յուրահատկության մեջ:

Ինչպես հայտնեցին լրագրողներին երկրի գլխավոր սրտաբան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանը եւ կենտրոնի սիրտ-անոթային բաժանմունքի վարիչ Վահե Գասպարյանը, շվեյցարացի մասնագետների ժամանմանն ընդառաջ ընտրվել էին բացառիկ պաթոլոգիաների դեպքերը, որոնք արտասովոր էին նաեւ շվեյցարացի բժիշկների համար: Վերջիններիս պրակտիկայում նմանատիպ դեպքեր չեն եղել:

Ինչպես հայտնեց Հ. Հայրապետյանը, առաջին դեպքում կնոջ մոտ ախտորոշվել էր նախասրտի անեւրիզմ, ինչպես նաեւ 7 սանտիմետրանոց թրոմբ: Երկրորդ հիվանդն էլ՝ 35-ամյա տղամարդ, ինչպես նշեց Վահե Գասպարյանը, տառապում էր Պառլոյի հիվանդությամբ պայմանավորված միթրալ փականի արատով՝ շատ հազվադեպ մի հիվանդություն:  Շվեյցարացի պրոֆեսոր Փոլ Վոգտը խոստովանեց, որ իր պրակտիկայում նմանատիպ դեպքեր դեռ չէին գրանցվել:

Երկու վիրահատությունն էլ իրականացվել են բաց եղանակով եւ, ըստ բժիշկների, հաջող են անցել:

Փոլ Վոգտը հայտնեց, որ համագործակցում է Եվրասիայի սրտի հիմնադրամի հետ եւ այցելում տարածաշրջանի երկրները Հիմնադրամի ծրագրերի շրջանակներում: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում հայ գործընկերների պատրաստվածությունը եւ   «Էրեբունի» ԲԿ-ի հնարավորությունները, Վոգտը նշեց, որ իր համար բարդ է զուգահեռներ անցկացնել, քանի որ ինչպես Հայաստանում, այնպես էլ մյուս երկրներում ընդամենը մի քանի վիրահատության է ներկա գտնվել: Շվեյցարացի մասնագետը հավելեց, որ նորմալ պրակտիկա ապահովելու համար կենտրոնը պետք է հնարավորություն ունենա տարեկան սրտի մոտ 150 բաց վիրահատություն կատարել: Հ.Հայրապետյանն էլ հավաստիացրեց, որ կենտրոնում տարեկան հենց այդքան էլ բաց վիրհատություն է լինում: Իսկ ստենտավորումների թիվը տարեկան անցնում է հազարից: