Հակաբիոտիկների մեկ կամ մի քանի տեսակների նկատմամբ կայուն տուբերկուլոզը ժամանակակից բժշկության լրջագույն խնդիրներից է: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Ջամիլ Ֆաքուիրզայը պնդում է, որ տուբերկուլոզով հիվանդների մոտ 9 տոկոսը տառապում է հիվանդության հենց այս տեսակով:
Հակաբիոտիկների նկատմամբ կայուն տուբերկուլոզի բուժումը բավականին բարդ է ու շատ երկար է տեւում: Ինչպես նշեց Ջամիլ Ֆաքուիրզայը NEWS.am Medicine-ի հետ զրույցում, բուժումը տեւում է երկու տարի, եւ այս ընթացքում հիվանդը ստիպված ընդունել շատ, շատ մեծ քանակությամբ դեղեր (մոտ 14600 հաբ երկու տարվա ընթացքում), բացի այդ՝ հիվանդը ստիպված է լինում դիմանալ բազմաթիվ ցավոտ սրսկումների, ինչպես նաեւ դիմակայել բոլոր այս դեղամիջոցների կողմնակի ազդեցությաններին: Հիվանդներից շատերը, չդիմանալով այս ամենին, դադարեցնում են բուժումը՝ վատթարացնելով այդպիսով իրենց իսկ վիճակը եւ վարակելով ուրիշներին:
Սակայն, ինչպես նշեց մեր զրուցակիցը, վերջերս նոր դեղամիջոց է ստեղծվել՝ բեդակվիլինը, որն արդյունավետ է հակաբիոտիկների նկատմամբ կայուն տուբերկուլոզիի բուժման գործում: Նոր դեղամիջոցը ի զորու է զգալիորեն կրճատել բուժման տեւողությունը:
Այս դեղամիջոցը, Ֆաքուիրզայի խոսքով, կիրառվում է Հայաստանում 2013 թվականի ապրիլից: Ավելին՝ Հայաստանը բեդակվիլին կիրառած առաջին երկիրն է, որի փորձը շատ կարեւոր է այլ երկրների համար: Դեղորայաքային նոր այս բուժումը 30 հիվանդ է ստացել: Նրանք բեդակվիլինն ընդունել են հակատուբերկուլոզային այլ դեղամիջոցների հետ մեկտեղ: Բժիշկներին հաջողվել է տեսանելի դրական արդյունքներ արձանագրել:
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Հայրապետյանը նշեց, որ տուբերկուլոզի բուժումը շատ թանկ հաճույք է, սակայն մեր երկրում այն իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Հիվանդից պահանջվում է միայն մեկ բան՝ հետեւել բժիշկների նշանակած բուժմանը եւ երբեք բաց չթողնել դեղերի ընդունումը:
Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի 1046 նոր դեպք, որից 90-ը՝ հակաբիոտիկային կայունությամբ:






