Մանկական անձեռոցիկները նախատեսված են ցանի եւ քորի թուլացման համար, բայց պարզվում է, որ որոշ անձեռոցիկներ կարող են հակառակ ազդեցությունն առաջացնել:

Համաձայն Pediatrics ամսագրում  հրապարակված հետազոտության տվյալների, շատ անձեռոցիկներում պարունակվող մեթիլիզոթիազոլինոն ( MI) կոչվող կոնսերվանտը կարող է սուր շփումային դերմատիտ առաջացնել՝  տեղային ցան կամ մաշկի գրգռում, հաղորդում է Fox News-ը ՝ հղում անելով CBC News-ին:  Ըստ հետազոտության հեղինակների, այս գրգռումները հաճախ սխալ կերպով ախտորոշվում են որպես էկզեմա, իմպենտիգո կամ պսորիազ:

Իր հետազոտության մեջ բժիշկ Մերի Չանը եւ Ռադհիկա Նակրանին՝ Քոնեկտիկուտի համալսարանի ֆարմինգթոնի բժշկական դպրոցից, ԱՄՆ-ում հետեւել են վեց երեխաների, ում  խոնավ անձեռոցիկների MI –ի պատճառով ախտոտորոշվել էր սուր շփումային դերմատիտ: Ալերգիաները ապացուցվել են փորձնական պլաստիրների միջոցով, եւ բոլոր ախտանշանները վերացել են, երբ ծնողները դադարել են օգտագործել մանկական խոնավ անձեռոցիկներ:  Հետազոտողները նաեւ ասում են, որ շատ մանկական խոնավ անձեռոցիկներ մանրակրկիտ թեստավորում են անցել եւ սովորաբար երեխաների մոտ ռեակցիա չեն առաջացնում: